Լեհական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ ներգաղթյալները լքել են բելառուսական տարածքում գտնվող անտառում տեղադրված վրանային ճամբարը, որտեղ մի քանի հարյուր մարդ էր ապաստանել՝ Եվրամիության սահմանը հատելու հույսով։
Նրանք պարբերաբար փորձել են ապօրինի կերպով ճեղքել փշալարարը և մտնել Լեհաստան, ինչը հաճախ ավարտվել է ներգաղթյալների և լեհ ուժայինների միջև կոշտ բախումներով։
Հինգշաբթի օրը բելառուսական իշխանությունները շուրջ հազար ներգաղթյալների այդ ճամբարից տեղափոխել են սահմանից ոչ հեռու գտնվող տրանսպորտա-լոգիստիկ կենտրոն։ Լեհաստանի սահմանապահ ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է դատարկ ճամբարը և դեպի հիմնական մայրուղին քայլող մարդկանց խումբ։
Շաբաթներ տևած ճգնաժամի համար Եվրամիությունը մեղադրում է Լուկաշենկոյին՝ պնդելով, որ Բելառուսի ավտորիտար առաջնորդը միտումնավոր դյուրացրել է Մերձավոր Արևելքից ներգաղթյալների մուտքը Մինսկ և ուղղորդել նրանց դեպի դաշինքի սահմաններ։
Բրյուսելը հայտարարում է, որ Բելառուսի ղեկավարն այդկերպ վրեժխնդիր է լինում 2020 թվականի օգոստոսին վիճելի նախագահական ընտրություններից հետո Լուկաշենկոյի վարչակազմի դեմ սահմանված ցավոտ պատժամիջոցների համար։ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները հայտարարում են Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին։