Բախումներ լեհ-բելառուսական սահմանին, ներգաղթյալները քարեր են նետել լեհ ուժայինների ուղղությամբ: Վերջիններս ի պատասխան` ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և լուսարձակող նռնակներ են կիրառել։
Եվրամիության և ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ, պնդել, որ Լուկաշենկոն «վտանգի է ենթարկում ներգաղթյալներին»։
Հազարավոր ներգաղթյալներ՝ հիմնականում Մերձավոր Արևելքից շարունակում են կուտակված մնալ Բելառուսի տարածքում՝ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի սահմաններին ՝ փորձելով անօրինական մուտք գործել Եվրամիության տարածք։ «Միգրանտները քարերով հարձակվել են մեր զինվորների և սպաների վրա, փորձում են քանդել արգելապատնեշն ու մտնել Լեհաստան»,- այսօր Թվիթերում գրել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ լեհ ուժայինները ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառել։
CNN-ի հրապարակած տեսանյութերում երևում է, թե ինչպես են լեհական ուժերը կիրառում նաև ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ և ծխային նռնակներ մի քանի տասնյակ միգրանտների դեմ։
Եվրամիությունը ստեղծված ճգնաժամի համար մեղադրում է Լուկաշենկոյին՝ պնդելով, որ Բելառուսի ավտորիտար առաջնորդը միտումնավոր դյուրացրել է Մերձավոր Արևելքից ներգաղթյալների մուտքը Մինսկ և ուղղորդել նրանց դեպի դաշինքի սահմաններ։ Բրյուսելը հայտարարում է, որ Բելառուսի ղեկավարը այդկերպ վրեժխնդիր է լինում 2020 թվականի օգոստոսին վիճելի նախագահական ընտրություններից հետո Լուկաշենկոյի վարչակազմի դեմ սահմանված ցավոտ պատժամիջոցների համար։ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները հայտարարում են Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին։