Հարյուրավոր իրաքցիներ այսօր Մինսկից հատուկ չվերթով վերադառնում են հայրենիք՝ լեհ-բելառուսական սահմանին ավելի քան մեկ շաբաթ շարունակվող ճգնաժամից ու Եվրամիության տարածք անցնելու ապարդյուն փորձերից հետո։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների, Iraqi Airways-ի ինքնաթիռն այսօր Բաղդադ է տեղափոխել ավելի քան 400 ներգաղթյալների։
Բելառուսը հայտարարում է, թե առնվազն յոթ հազարը դեռ մնում են երկրում։
Երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս հարցով հեռախոսազրույց էր ունեցել Բելառուսի առաջնորդի հետ։ Այսօր Լուկաշենկոյի խոսնակը այդ զրույցից որոշ մանրամասներ է ներկայացրել: Ըստ այդմ, Մինսկը առաջարկում է, որ Եվրամիությունը մարդասիրական միջանցք բացի 2000-ի համար` պարտավորվելով մյուս 5000-ին իրենց հայրենիք վերադարձնել սեփական ուժերով։ Ըստ Բելառուսի նախագահականի, կանցլեր Մերկելը խոստացել է քննարկել այս հարցը Եվրամիության մյուս առաջնորդների հետ։
Իրավիճակը Բելառուսի և Լեհաստանի սահմանին սրվել է նոյեմբերի 8-ից, երբ հազարավոր գաղթյալներ՝ հիմնականում Մերձավոր Արևելքից, խմբվել էին այստեղ և փորձում էին ապօրինի ԵՄ տարածք մտնել։ Արևմուտքը պնդում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմը միտումնավոր է միգրանտներին ուղղորդում դեպի Եվրամիության սահման՝ Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան։