Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» տեսնում է պաշտպանության նախկին նախարար, խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։ Այդ մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Մենք ուզում ենք, որ Սեյրան Օհանյանը գա պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի կարգավիճակով, որովհետև շատ ինֆորմացիայի է տիրապետում և մենք շատ հարցեր ունենք հենց Սեյրան Օհանյանին։ Իսկ Սեյրան Օհանյանը կուզի՞ գալ, իհարկե՝ ոչ», - ասաց Քոչարյանը։
«Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում 10 անգամ առաջադրել է խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իշխանական պատգամավորները դեմ են քվեարկել։
Ղազինյանն ասում է՝ որոշել է գալ հանձնաժողով՝ բացահայտելու պատերազմի ընթացքում, դրանից առաջ ու հետո տեղի ունեցածը։ Նրա խոսքով`մեծաթիվ մարդկանց մոտ կա կասկած, որ պետական դավաճանություն է տեղի ունեցել: Հանձնաժողովի իշխանական անդամները, սակայն, չեն ցանկանում, որպես առաջին պատճառ նշելով նրա՝ բանակում ծառայած չլինելու հանգամանքը, ասում են նաև, որ «Ղազինյանը չի տիրապետում տարրական Զինված ուժերին վերաբերող հարցերի»։
Իշխանությունները պատրաստում են օրենսդրական փոփոխություն, որով նույն թեկնածուն երկու անգամ չընտրվելուց հետո այլևս չի կարողանա առաջադրվել։ Գործող օրենքով այս պաշտոնն ընդդիմությանն է և ընդդիմությունը հնգօրյա ժամկետում պետք է նոր կամ նույն թեկնածուին առաջադրի։
«Մեր հիմնական ռազմավարական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը»
Հայաստանը պետք է բազմավեկտոր անվտանգային համակարգի հնարավորություն ունենա, նշեց Անդրանիկ Քոչարյանը միևնույն ժամանակ շեշտելով՝ «մեր հիմնական ռազմավարական գործընկերը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի Դաշնությունը»։
Քոչարյանը նաև հիշեցրեց՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ է և Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության շրջանակներում ներգրավված է տարբեր ծրագրերում՝ Աֆղանստանում, Լիբանանում հայաստանյան զինված ուժերը ներկա են եղել։
«Վերջին հաշվով ՆԱՏՕ-ի անդամ տերությունները՝ նախագահող երկրները, չկարողացան կանգնեցնել հակառակորդի հարձակումները, հակառակորդի հարձակումները կասեցվեց Հայաստան-Ռուսաստան-ՀԱՊԿ շրջանակներում իրականացված հիմնականում Հայաստան-Ռուսաստան համագործակցության տիրույթում, և այսօր էլ այդ հրադադարը պահպանվում է Ռուսաստանի զինված ուժերի ակտիվ ներգրավվածության շնորհիվ։ Այնպես որ եկեք չուրանանք ոչինչ, բայց նաև բալանսավորենք մեր անվտանգային համակարգի հետ կապված ամեն ինչ», - նշեց Քոչարյանը՝ շեշտելով․ - «Այսօր էլ մենք խնդիրներ ունենք, որտեղ մեկ փոքրիկ սխալը կարող է դառը հետևանքներ ունենալ ոչ միայն Հայաստանի համար, այլ տարածաշրջանի համար ընդհանրապես և Արցախի համար՝ մասնավորապես»։
Արդեն մեկ տարի է հազարավոր ռուս խաղաղապահներ Ղարաբաղում են՝ եռակողմ հայտարարության համաձայն: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Հայաստանը շահագրգռված է ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգման հարցում՝ մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը։ Պաշտոնական Բաքուն, սակայն, հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։