Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր կրկին չընտրեց փոխնախագահ: Արդեն վեցերորդ անգամ առաջադրվել էր ընդդիմադիր խմբակցությունների թեկնածու Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց` մասնագիտությամբ իրավաբան Ղազինյանին մանրամասն ներկայացրել են, նա մոտ երկու տասնյակի հասնող հարցերի է պատասխանել, անիմաստ է նորից ներկայացնել:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Նազարյանից հետաքրքրվեց, թե դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը որևէ առաջարկ չի՞ արել փոխել թեկնածուին, ինչին Նազարյանն արձագանքեց, որ հարցը քննարկել են խմբակցությունում, կայացված է որոշում` կրկին Ղազինյանը լինի թեկնածուն:
Արթուր Ղազինյանը նկատեց` իշխանությունն ունի քաղաքական որոշում` դեմ քվեարկել իր թեկնածությանը: Շեշտեց` չի պատրաստվում նորից հարցերի պատասխանել, լքեց դահլիճը, նրան միացան մյուս ընդդիմադիրները:
Քվեարկությանը մասնակցեցին միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, Ղազինյանը հերթական անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ: