Մատչելիության հղումներ

Արթուր Ղազինյանը տասներորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը տասներորդ անգամ չընտրվեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

«Պարոն Օհանյանին առաջարկում ենք նոր թեկնածությունով հանդես գալու», - քվեարկությունից հետո հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հարց ուղղելով «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին․ - «Պարոն Օհանյան, սա Ձե՞ր առաջարկն է, թե՞՝ Ռոբերտ Քոչարյանի։ Էս շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է։ Էսպես թե էնպես արդեն Դուք ինքներդ էլ հասկանում եք, որ մենք սրա օրենսդրական կարգավորումը պետք է տանք»։

Իշխանությունները պատրաստում են օրենսդրական փոփոխություն, որով նույն թեկնածուն երկու անգամ չընտրվելուց հետո այլևս չի կարողանա առաջադրվել։ Գործող օրենքով այս պաշտոնն ընդդիմությանն է և ընդդիմությունը հնգօրյա ժամկետում պետք է նոր կամ նույն թեկնածուին առաջադրի։

Ղազինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշել է գալ Պաշտպանության հարցերի հանձնաժողով՝ բացահայտելու պատերազմի ընթացքում, դրանից առաջ ու հետո տեղի ունեցածը։ Նրա խոսքով` մեծաթիվ մարդկանց մոտ կա կասկած, որ պետական դավաճանություն է տեղի ունեցել: Հանձնաժողովի իշխանական անդամները, սակայն, չեն ցանկանում, որ Ղազինյանն ընտրվի այս պաշտոնում, որպես առաջին պատճառ նշելով նրա՝ բանակում ծառայած չլինելու հանգամանքը։ «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանն էլ նշել էր․ - «Արթուր Ղազինյանը չի տիրապետում տարրական Զինված ուժերին վերաբերող հարցերի»։

XS
SM
MD
LG