«Հայաստան» խմբակցությունը հակառակ իշխանության քվեարկության Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում դարձյալ կառաջադրի Արթուր Ղազինյանին։ Իշխանական պատգամավորները երեկ դեմ քվեարկեցին նրա թեկնածությանը։ Ընդդիմադիր խմբակցությունը չի նահանջելու, ասում է Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Պրոբլեմն իշխանության դաշտում է: Մենք որևէ հիմք չենք տեսնում թեկնածուին փոխելու համար», - նշում է նա:
Հանձնաժողովի իշխանական անդամները դեմ քվեարկեցին՝ պատճառաբանելով, թե Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնին հավակնող Ղազինյանի պատասխաններն իրենց չեն բավարարել։ Հարցնում էին՝ Ազգային ժողովի հայտնի ծեծկռտուքի ժամանակ գործադիրի ղեկավարի ու անդամների ուղղությամբ Ղազինյանի նետած շշի դրդապատճառի մասին, հիշեցնում Փաշինյանի հասցեին ամիսներ առաջ Ղազինյանի կոշտ որակումների ու քաղաքական այլ հայտարարություների մասին։
Իշխան Սաղաթելյանը շեշտում է` «Հայաստան» խմբակցությունում պատերազմի, պարտության ու իշխանության քայլերի մասին բոլոր պատգամավորները նույն դիրքորոշումներն ունեն. «Տեսակետների և մոտեցումների մեջ ֆրակցիայում միաձայն են և միակողմ»:
Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը օրենքով է վերապահված ընդդիմությանը։ Գուցե այլ թեկնածուի նկատմամբ իշխանականներն ավելի մեղմ լինեն, բայց Սաղաթելյանն ասում է՝ իշխանության ցանկություններով չեն առաջնորդվելու. «Թեկնածուին չենք փոխի, որովհետև փոխելու որևէ հիմք և պատճառ չկա»:
Այս հանձնաժողովի նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է։ Տեղակալի պաշտոնի կարևորության մասին խոսելիս երեկ հենց ինքը շեշտեց, որ անդամների նկատմամբ առավելություն չունի։ Միակ արտոնությունը ծառայողական մեքենան է, դրանից էլ միայն ինքը՝ Քոչարյանն է օգտվելու. «Մենք բոլորս սովորական, հասարակ պատգամավորներ ենք, նախագահը, տեղակալը, մեքենա ունի միայն հանձնաժողովի նախագահը սպասարկող», - ասում էր Քոչարյանը:
Եվ ահա առանձնապես կարևորություն չունեցող պաշտոնի ընտրությունը չի ավարտվում։ Հաջորդ շաբաթ շարունակվելու է։
Հանձնաժողովի իշխանական անդամ Վահագն Ալեքսանյանը դժվարանում է ասել՝ երկորդ անգամ քվեարկելու է քաղաքական հակառակորդի օգտին, թե ոչ։ Ալեքսանյանը պահանջում է, որ Ղազինյանը դատապարտի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ Փաշինյանի հրաժարականին միանալու քայլը։
«Իմ անձնական նախապայմանն է այդ մասով, որ առնվազն Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը չպիտի կարծի, որ բանակը պետք է միջամտի Հայաստանի ներքաղաքական կյանքին»:
Նախորդ նիստում թեկնածուն էլ խոստովանեց, որ Զինված ուժերը պետք է քաղաքականությանը չխառնվեն, բայց պարտությունից հետո Հայաստանում արտակարգ իրավիճակ էր։
Եթե Ղազինյանին երկրորդ փորձից էլ չընտրեն, թեկնածուին չեն փոխելու, պնդում է «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը. «Եթե իրենց թվում է, որ պետք է չընտրելով հաշվեհարդար տեսնեն, թող այդպես մտածեն, իրենց լավ զգան: Մանկապարտեզ է ընդամենը»:
Այս հանձնաժողովի անդամներից 7-ը իշխող «Քաղաքացիական պայմանագրից» են, 4-ը՝ ընդդիմությունից։ Ընտրվելու համար վճռորոշ են իշխանության ձայները։ Ընդդիմադիր թեկնածուին մի քանի փորձից ընտրելու նախադեպ արդեն կա այս Ազգային ժողովում, օրինակ` թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական փուլում իշխանության մասին կոշտ գնահատականներ հնչեցնող Սաղաթելյանին իշխանությունը երրրոդ փորձից ընտրեց Աժ փոխնախագահի պաշտոնում։