Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը այսօր արդեն հինգերորդ անգամ չընտրվեց խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց՝ եթե ընդդիմությունը ևս մեկ անգամ առաջադրի նույն թեկնածուին, ապա հանձնաժողովը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը կառաջարկի ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն անել, որով կսահմանվի՝ եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը, այս դեպքում «Հայաստան» խմբակցությունը պետք է առաջադրի նոր թեկնածու:
«Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը քննարկումը անիմաստ որակեց և առանց իրենց թեկնածու Ղազինյանին ներկայացնելու հեռացավ սենյակից։ Նրա օրինակին հետևեցին նաև գործընկերները՝ Արթուր Ղազինյանը և Արամ Վարդևանյանը, ինչի հետևանքով կրքերը հանձնաժողովում թեժացան:
Հանձնաժողովի հաջորդ նիստին Անդրանիկ Քոչարյանին կփոխարինի իշխանական խմբակցությունից Արմեն Խաչատրյանը
Մինչ հեռանալը՝ դեռ նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը խոսեց օրակարգի 2 -րդ հարցից, ըստ որի հանձնաժողովի հաջորդ նիստին Անդրանիկ Քոչարյանի բացակայության ընթացքում վերջինիս պետք է փոխարինի, այսինքն՝ նիստը նախագահի իշխանական խմբակցությունից Արմեն Խաչատրյանը: Ասաց՝ արդեն պարզ է, որ Ղազինյանն այս անգամ էլ չի ընտրվի և պնդեց՝ այս ամենը անօրինական է:
«Եթե օրենքը նախատեսում է, որ ընդդիմությունը կարող է ներկայացնել կոնկրետ առաջադրում, դա ինքնին հակառակ դաշտում գործողին պետք է հենց Դոնթի բանաձևի, որը օրինականության սկզբունքի երաշխավորն է, սահմանափակի», - ասաց Վարդևանյանը:
«Դոնթի բանաձևը ճիշտ եք ասում, բայց Դոնթի բանաձևը շանտաժի բանաձև չէ, Դոնթի բանաձևը երկխոսություն գտնելու և պարտադրանքից դուրս գալու բանաձև է», - արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը:
Եթե հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգներ, կունենայինք 3600-ին մոտ պակաս թվով զոհեր. Ղազինյան
Ղազինյանն էլ իր հերթին մինչ հեռանալը առաջարկեց հանձնաժողովի նիստի օրակարգում ներառել ևս մեկ հարց՝ ենթահանձնաժողով ստեղծելու մասին հետևյալ օրակարգով՝ ինչո՞ւ հոկտեմբերի 7-ի դրությամբ պատերազմը չի կանգնեցվել, չնայած ռուսական կողմի առաջարկին։
«Ուզում եմ արձանագրել, որ հոկտեմբերի 7-ի դրությամբ մենք ունեինք պաշտոնական տվյալներով ընդամենը 356 զոհ, եթե չեմ սխալվում, այսօր ենք ունենք 3900-ին մոտ: Եթե ամսի 7-ին պատերազմը կանգներ, մենք կունենայինք 3600-ին մոտ պակաս թվով զոհեր: Այդ մարդկանց՝ դաշտում ընկած մեր զինվորների ծնողները, հարազատները, բարեկամները իրավունք ունեն իմանալու, թե ինչ հանգամանքներում է այդ որոշումը իրականացվել», - ընդգծեց Ղազինյանը:
Ղազինյանը առաջարկը քվեարկության չդրվեց։ Նրան տեղակալ ընտրելու վերաբերյալ հարցը 7 կողմ 1 դեմ ձայնով մերժվեց, ընդունվեց օրակարգի երկրորդ հարցը, ըստ որի հաջորդ նիստին, երբ Անդանիկ Քոչարյանը աշխատանքային այցով Ռուսաստանում կլինի, հանձնաժողովը կնախագահի իշխանական մյուս պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Ղազինյանը վստահ է՝ իշխնությունը իր թեկնածությանը դեմ է իր առաջ քաշած օրակարգերի պատճառով
Ճի՞շտ է, որ Ղազինյանի թեկնածությանը իշխանությունը սկզբունքորեն դեմ է, քանի որ ԱԺ նիստում շշերով հայտնի բախման ժամանակ ինքը փորձել է շիշ նետել վարչապետ Փաշինյանի ուղղությամբ։ Քոչարյանը ոչ միայն չհերքեց լրագրողին, այլ նաև լրացրեց. «Իսկ Եռաբլուրի սխալ պատկերացումները, Եռաբլուրում ոտքերը խոնարհելը, ծնկի իջնելը երկրի ղեկավարի կողմից դիտվեց որպես մարդասպանի այց, էդ նորմա՞լ է, շիշը ես գնահատում եմ հումորով՝ նռնականետման չհանձնած զաչոտ»:
Ղազինյանը մինչդեռ վստահ է՝ իշխնությունը իր թեկնածությանը դեմ է իր առաջ քաշած օրակարգերի պատճառով։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծել։ Ասում է՝ շիշ նետելը ոչ թե պատճառ, այլ պատրվակ է։
«Եթե իշանությունները որոշեն ստեղծել քննիչ հանձնաժողով, այդ հանձնաժողովը չի կարող ղեկավարվել այդ քննվող առարկայի մեջ էական և կարևոր դերակատարություն ունեցած մարդու կողմից», - ասաց Ղազինյանը:
Մինչ կանոնակարգ օրենքում փոփոխություններ անելը ընդդիմադիր «Հայաստան» խմբկացությունը դարձյալ կառաջադրի՞ Ղազինյանին հանձնաժողովի տեղակալի պաշտոնում հարցին խմբակցությունից դեռ չեն պատասխանում։ Հարցը դեռ չի քննարկվել։