Իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը խորհուրդ է տալիս Ռուսաստանի դեսպանատնից պարզել՝ ինչու է Արցախում իրավիճակը լարվել: «Գնացեք Ռուսաստանի դեսպանատուն, ասեք` դուք երաշխավորում եք, ինչի՞ սենց եղավ», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:
Վարչապետ Փաշինյանի թիմակիցը զարմացած է՝ ինչու է «Ազատությունը» Հայաստանի իշխանության հասցեով գնացել, ասում է՝ Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է. «Ղարաբաղի անվտանգությունն իրենք են, երաշխավորը ռուսներն են անվտանգության: Այս հարցերը պիտի ռուսներին տանք, թե ինչի սենց եղավ»:
Մինչդեռ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո, երբ Ղարաբաղում սահմանի պաշտպանությունն անցավ ռուս խաղաղապահներին, վարչապետ Փաշինյանը վստահեցնում էր, թե Արցախի անվտանգության երաշխավորը շարունակելու է Հայաստանը լինել։
Արցախում իրավիճակը լարվեց Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպումից երկու օր անց։ Հայկական կողմը հաղորդում է վեց զինծառայողի վիրավորվելու, Ադրբեջանը` մեկ զոհի մասին։
Դեռ շատ կկրակեն, կանխատեսում է պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը. «Քանի իրավիճակը սենց է, կրակոցներ կլինեն անպայման: 30 տարի կրակոցներ եղել են, էլի կլինեն, մինչև մենք մեր բանակը չուժեղացնենք, չհզորացնենք, մենք ուրիշի վրա հույս չենք կարա դնենք: Հիմա նորից վիրավորներ կլինեն, նորից զոհեր կլինեն, քանի մենք ամուր մեր ոտքի վրա չենք կանգնած»:
Բայց Նիկոլ Փաշինյանը խոստացել էր խաղաղության դարաշրջան բերել և դա իրագործելու համար չորս ամիս առաջ ընտրողներից 60 տոկոս քվե էր պահանջում։ Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի անդամ Մելքոնյանն ասում է՝ խաղաղության դարաշրջանն իրենց օրակարգում է, բայց պնդում է՝ Արցախում ստեղծված լարված իրավիճակի լուծման հասցեատերը Հայստանի կառավարությունը չէ. «Իրանցից կհարցնեք` կասեն»:
Հայաստանի և Արցախի իշխանությունների խնդիրն է լուրջ բանակցություններ վարել
Արցախում խաղաղապահ ծառայություն իրականացնող կողմը պատասխանատվություն կրում է հակառակորդի կրակոցների համար, բայց շատ անելիք ունի Հայաստանի իշխանությունը, ասում է պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Իշխանությունը պետք է ապահովի Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, ազգային ու միջազգային երաշխիքներ ձևավորի, նշում է նա:
«Եթե խաղաղապահ գործունեություն է ծավալում մի երկիր և նրա ուժերը, նրանք պատասխանատվություն կրում են, և կարծում եմ, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների նաև խնդիրն է լուրջ բանակցություններ վարել, նաև տեղի մարտավարական ուղղակի հրամանատարների հետ անմիջական կապի մեջ լինել, որպեսզի այդպիսի դեպքերում թույլ չտալ, որ ծավալվեն մարտական գործողություններ և տարածվեն», - «Ազատությանն» ասաց Օհանյանը:
Մեղքը ուրիշի վրա բարդելը նշանակում է ինքնիշխանության կորուստ, և պատահական չէ, որ տարբեր հարթակներում հնչում են մտքեր, որ Հայաստանի փոխարեն այլ պետություններ են մեր հարցերը լուծում, շեշտում է Սեյրան Օհանյանը. «Այսօր պաշտպանության կոնֆիգուրացիան Արցախի շուրջ այնպիսին է, նաև ինժեներական նոր դիրքերը կահավորված չեն, և պետք է միշտ զգույշ լինենք և զգոն լինենք»:
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմից սադրանքներ էլի կլինեն, դրան դիմադրելու համար անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ ուժերի, Արցախի ու Հայաստանի իշխանությունների համագործակցության լուրջ ծրագիր, որ սահմաններն անխոցելի լինեն։
«Մենք գործ ունենք մի այնպիսի հակառակորդի հետ, որը միշտ սադրանքներ կազմակերպելու է Հայաստանի և Արցախի Հանրապետության սահմաններում, և դրան, կարծում եմ, մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի: Եվ այս պայմաններում, երբ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերն են, լուրջ բանակցություններ են պետք և Պաշտպանության բանակի, և նաև խաղաղապահ ուժերի հետ համագործակցության լուրջ պլան է անհրաժեշտ կազմակերպել», - պնդում է ընդդիմադիր պատգամավորը:
Արդյոք այս երկօրյա լարվածությունն առնչություն ունի՞ Մոսկվայում Պուտին-Փաշինյան և Մինսկում Բայրամով-Միրզոյան հանդիպման հետ, Սեյրան Օհանյանը դժվարանում է հստակ ասել, քանի որ բանակցության մանրամասներին տեղյակ չէ, բայց հիշում է` նախկինում էլ Ադրբեջանը կրակ էր բացում հայկական դիրքերի վրա Արցախի կարգավորման թեմայով բանակցություններից հետո։