Մատչելիության հղումներ

«Իրենց սրտի թեկնածուն չէի». ՔՊ-ականները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը


Իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը։ Ընդդիմադիր խմբակցությունը Ղազինյանին էր առաջադրել պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

Կողմ էին միայն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն ընդդիմադիրների ձայները բավարար չէին ընտրվելու համար։

«Բնական է, որ նրանք կցանկանան ունենալ իրենց համար շատ ավելի հարմար նախագահի տեղակալի թեկնածու: Ես իրենց սրտի նախագահի տեղակալը չէի», - ասաց Ղազինյանը:

Հարցին՝ «Ձեր ֆրակցիայում կա՞ իրենց հարմար, իրենց սրտի թեկնածու», «Հայաստան» խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ իրենք ուզում են գտնել այդպիսին կա, թե չկա, կարծում եմ, ոչ բոլորս ենք նույն ձևով լինելու, բայց միգուցե իմ պարագայում կա անձնական ինչ-որ դրսևորում»:

Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության քննարկումը տևեց մեկուկես ժամ։ Իշխանությունը ընդդիմադիր պատգամավորին շատ հարցեր ուներ՝ դեռ նրա վաղ անցյալի մասին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 2000-ականների սկիզբ հասավ։ Հիշեց Ղազինյանը 2004-2008 թվակններին եղել է տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանի խորհրդականը։ Քոչարյանը հետաքրքրված էր՝ պատգամավոր դառնալուց հետո հայտարարագրած ունեցվածքը Ղազինյանը 17 տարի առա՞ջ է կուտակել։

«Ես 2010 թվականից պետական ծառայության մեջ չեմ եղել, արդեն 10 տարի ես պետական ծառայության մեջ չեմ և այդ հայտարարագիրը, որ ես ներկայացրել եմ, բացարձակ որևէ առնչություն չունի 2010, 2009, անգամ 2007-08 թվականներին», - արձագանքեց Արթուր Ղազինյանը:

Պաշտպանության հանձնաժողովի նախագահին հուզող մյուս հարցը անցած շաբաթ Ազգային ժողովի դահլիճում ծեծկռտուքին Ղազինյանի մասնակցությանն էր վերաբերում։ Քոչարյանը տեսա նյութում է նկատել, որ ընդդիմադիր պատգամավորի նետած շիշն այն ուղղությամբ է եղել, որտեղ վարչապետն ու նախարարներն են նստում: Քոչարյանը բացատրություն պահանջեց՝ թեկնածուն գիտակցո՞ւմ է արածի հետևանքը։

«Բավականին բոյով եք և շիշն ուղղում եք դեպի գործադիր մարմնի ղեկավարի ուղղությամբ, դա միտումնավո՞ր էր այդպես, թե՞ դուք ինքնաբուխ էդպես որոշեցիք այդ ուղղությամբ շիշը նետել», - հրացրեց Քոչարյանը:

«Ձեր կողմից նշված մարդն այդ պահին իր տեղում նստած չէր, նա արդեն աստիճանների մոտ էր, դուրս էր գալիս դահլիճից, հետևաբար, իմ կողմից որևէ անձ, որևէ պաշտոնյա այդ նպատակով չի թիրախավորվել, ընդամենը ինձ վրա հարվածած շիշը վերադարձվել է հետ», - պատասխանեց Ղազինյանը:

Իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ հիշեցնում էր Փաշինյանին ուղղված Ղազինյանի կոշտ գնահատականները փողոցային պայքարի օրերին. «Եթե ես հիմա ձեզ ասեմ, որ դուք փնթի, անբարոյական, անինքնասեր եք և վերջում դա հիմնավորեմ նրանով, որ սա իմ քաղաքական գնահատականն է, դա կլինի նորմա՞լ իմ կողմից, թե՞ ոչ»:

Ղազինյանը բացատրեց աղետալի պատերազմից ու Փաշինյանի ստորագրած հայտարարությունից հետո է ինքը ռադիկալ դարձել. «Միգուցե կարող է իմ ձևակերպումների մեջ շատ դեպքերում անցել եմ նաև անձնական դաշտ, բայց դա պայմանավորված է եղել բացառապես իշխանության և նրա ղեկավարի արտահայտած մտքերով, գործողություններով»:

Անվտանգության ու պաշտպանության մասին Ղազինյանի պատկերացումներով էլ հետաքրքրվեցին իշխանական պատգամավորները, բայց պատասխանները իշխանականներին չբավարարեցին։ Հայտարարեցին՝ դեմ են քվեարկելու։

Ընդդիմությունը 5-օրյա ժամկետում նույն պաշտոնում պետք է նոր թեկնածու առաջադրի։ Օրենքով այս պաշտոնը ընդդիմությանն է։ Դարձյալ Ղազինյանի՞ն, թե՞ այլ պատգամավորի կառաջադրեն, դեռ հայտնի չէ։

«Բնականաբար, խմբակցությունում կքննարկվի, դեռ որևէ որոշում չկա, վաղահաս որևէ տեսակետ չեմ կարող արտահայտել: Հարցադրումներից զգացվում էր, որ հիմնականում Արթուր Ղազինյանի ընդդիմադիր գործունեության, ելույթների, նախորդ ամիսների գործունեության հետևանքով է այս դիրքորոշումը», - ասաց պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Հանձնաժողովի ընդդիմադիր անդամներից ով էլ որ առաջադրվի, ըստ Գեղամ Մանուկյանի, նույն դիրքորոշումներն ունի պատերազմի, պարտության ու իշխանության մասին։

XS
SM
MD
LG