«Շատ կարևոր եմ համարում, որպեսզի մեր հանրությունն ստանա ամբողջական պատասխաններ 44-օրյա պատերազմի հանգամանքների, տեղի ունեցած ամբողջ պատկերի վերաբերյալ», - այսօր Քննչական կոմիտեում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այդ լայն համատեքստին ավելի ընդարձակ կանդրադառնա։
Վարչապետը կոմիտեում էր կառույցի կազմավորման 7-ամյակի կապակցությամբ։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեռ օգոստոսին էր խոստանում՝ մինչև նոր խորհրդարանի քառօրյա նիստերի մեկնարկը 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով ստեղծելու մասին։ Պատերազմի տարելիցն էլ լրացավ, բայց հանձնաժողովը ձևավորված չէ։ Քոչարյանն ասել էր՝ իրավական խնդիրներ կան, որոնք քննարկվում են։
Փաշինյանն այսօր կարևորել է նաև պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը՝ շեշտելով՝ որպեսզի հանրությունը և նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ:
«Ընդ որում, այստեղ որևէ կանխավարկած նկատի ունենալը կլինի ճակատագրական սխալ: Պարզապես պետք է ձևակերպված հարցերն ստանան օբյեկտիվ պատասխաններ, որպեսզի մեղավորության կամ անմեղության մասին պնդումները հիմնված չլինեն անհատական ընկալումների և իրավիճակի ոչ ամբողջական պատկերացման վրա», - ասել է Փաշինյանը:
Նշելով, որ Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումն այժմ քննում է պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը շեշտել է՝ կոմիտեն ի զորու է իրականացնել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները լիարժեք բացահայտելու և հասարակությանը ներկայացնելու նպատակով: