Մատչելիության հղումներ

«Ունենք իրավական խնդիրներ». ինչո՞ւ է իշխանությունը ձգձգում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ձևավորումը


Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեռ օգոստոսին էր խոստանում՝ մինչև նոր խորհրդարանի քառօրյա նիստերի մեկնարկը 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով ստեղծելու մասին։ Պատերազմի տարելիցն էլ լրացավ, բայց հանձնաժողովը ձեւավորված չէ։ Այս թեմայով քննարկումներն էլ տեղափոխվել են ոչ հրապարակային հարթակներ։

Թե ինչո՞ւ են հապաղում և ո՞ր փուլում է հանձնաժողովի ձևավորման հարցը, Անդրանիկ Քոչարյանը խուսափում է հստակ պատասխանել։

«Շարժվում ենք», - ասաց Քոչարյանը:

Իսկ թե որտեղ են կանգ առել, Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահը փակագծեր չի բացում։

44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին շաբաթներ առաջ Ազգային ժողովում հայտարարեց նաեւ վարչապետ Փաշինյանը՝ կարևորեց, որ հանձնաժողովը լինի ընդլայնված կազմով, ներգրավվեն արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաև պատերազմի զոհերի ու անհետ կորածների հարազատների ներկայացուցիչները։

Որպեսզի Փաշինյանի նկարագրած ընդլայնված կազմը լինի, պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել միայն Պաշտպանության հանձնաժողովի հիման վրա և կարող են մասնակցել միայն Ազգային ժողովի խմբակցությունների պատգամավորները։ Արտախորհրդարանական ուժերին ներգրավելու հնարավորություն չկա։ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ կան իրավական խնդիրներ, որոնք քննարկվում են, բայց չմանարամասնեց՝ ինչ են փոխելու և որ ձևաչափով են պատկերացնում։

«Լայն լեգիտիմություն ապահովելու համար ունենք իրավական խնդիրներ, այսօր երեկոյան էլ ես ունեմ քննարկումներ՝ աշխատանքի կազմակերպման հետ կապված խնդիրներ ունենք», - ընդգծեց նա:

Իշխանության առաջարկած տարբերակին դեմ է Ազգային ժողովի երկրորդ ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը։ Ըստ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ իշխանությունը օրենսդրական փոփոխություններով փորձում է յուրային ուժերին ներգրավվել՝ իբրև ընդդիմադիրներ և պարտակել պատերազմի իրական հանգամանքները։

«Փորձեցին այս ընթացքում խեղաթյուրելով սահմանադրական կարգավորումները, հայտարարել, թե այս հանձնաժողովը պետք է ընդլայնվի, այդ թվում նաև արտախորհրդարանական իշխանությունը հաճո քաղաքական ուժերի ներկայացուցիչների ներգրավում ապահովել: Ակնհայտ է, որ իրենց իշխանության ժամանակ տեղի ունեցած առերևույթ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ իրենք շահագրգռված չեն, հակառակում են շահագրգռված՝ քողարկել, չներկայացնել, չբացահայտել», - նշեց Մինասյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը պայման ունի՝ եթե Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի կազմով լինի, ապա ընդդիմությունը պետք է նախագահի հանձնաժողովը, շեշտեց Արծվիկ Մինասյանը։ Բայց, ընդդիմության գլխավոր առաջարկն այն է, որ օրենքի ուժով ստեղծվեն խորհրդարանից դուրս պետական ու նաև փաստահավաք մարմիններ՝ ընդդիմադիրների, փորձագետների, ռազմական ու իրավական ոլորտների ներկայացուցիչների ծանրակշիռ կազմով։ Անաչառ ու բազմակողմանի քննության երաշխիքը սա են համարում, ասում է Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ կարող է և հանձնաժողով ստեղծվել Մարտի 1-ի հարցով փաստահավաք խմբի օրինակով, որը ժամանակին ընդդիմադիր Քոչարյանն էլ գլխավորել է։

«Այնուամենայնիվ, մենք ունենք լուծման ավելի արդյունավետ տարբերակ, այն է, որ օրենքի ուժով ստեղծվի փաստահավաք, ինչու չէ, մշտական գործող պետական մի մարմին, անկախ, ինքնավար, որը հավասար ներկայություն կապահովի թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը, թե՛ անկախ հասարակական հատվածին», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Արծվիկ Մինասյանի նկարագրած պարիտետային հանձնաժողով ստեղծելու առաջարկ կառավարությանն արել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռ պատերազմից հետո։ Սակայն էդմոն Մարուքյանի ղեկավարած խմբակցության առաջարկին իշխանությունը ընթացք չտվեց։ Մարուքյանն ասաց, հիմա էլ որ մտադրվել են հանձնաժողով ստեղծել, իրենց որևէ առաջարկ չեն արել։

«Որևէ քննարկման չեմ մասնակցել, որևէ առաջարկություն չի եղել», - ընդգծեց Մարուքյանը:

Նախկին պատգամավոր Մարուքյանի կարծիքով՝ Ազգային ժողովի հանձնաժողովի մակարդակով հնարավոր չէ քննել 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Քառօրյայի մասշտաբը անհամեմատ փոքր էր։ Մարուքյանն էլ է կողմնակից, որ ստեղծվի այնպիսի հանձնաժողով, որտեղ ընդդիմադիր ու իշխանական ուժերը հավասարաչափ կներկայացվեն։

«4-օրյա պատերազմ ուսումնասիրելը ու էս արհավիրքն ուսումնասիրելը տարբեր բաներ են, պատերազմի մեկնարկի մեկ տարին էր, և մենք դեռ չունենք որևէ մարմին, որը պարզում է, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ, որը պետք է տա այն հարցերի պատասխանները, որ մեր ժողովուրդն ակնկալում է», - ասաց նա:

Իշխանության նկարագրած ընդլայնված կազմով հանձնաժողովին պատրաստ են անդամակցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի խորհրդակցական ժողովի անդամներ «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը։ Այս մարմինը որոշումը ընդունել են օրերս, երբ Փաշինյանի մասնակցությամբ նիստ են հրավիրել։ Նորիկյանն ասաց՝ վարչապետը քվեարկությանը չի մասնակցել։ Թե հանձնաժողովը երբ պատրաստ կլինի, չգիտեն:

«Չեմ բացառում, որ տեղի կունենա օրենքների փոփոխություն, որով մենք հնարավորություն կունենանք մասնակցել այդ գործընթացին», - նշեց նա:

XS
SM
MD
LG