Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվումների տեմպը բարելավվում է, փոփոխությունն արդեն տեսանելի է նաև պոլիկլինիկաներում։
Երևանի թիվ 8 պոլիկլինիկայում երեկ կորոնավիրուսի դեմ պատվաստեցին երեք տասնյակ քաղաքացիներ, մինչդեռ նախորդ երկու շաբաթներին այս պոլիկլինիկայում ընդհանուր առմամբ պատվաստվել էր շուրջ 40 քաղաքացի։
«Պատվաստվողների քանակում դրական դինամիկա կա»,- ասում է պոլիկլինիկայի իմունաբան, վարակաբան Անահիտ Սարուխանյանը, - «Այսօր ավելի շատացել է պատվաստվողների թիվը»։
Հայաստանում աժմ կիրառվում է երկու տեսակի պատվաստանյութ. 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողներին հասանելի է բրիտանա-շվեդական AstraZeneca-ն, իսկ ռուսական Sputnik V-ն դեռևս հասանելի է միայն խոցելի խմբերի 18-ից մինչև 54 տարեկան ներկայացուցիչների համար։
Օրերս Հայաստան է ներկրվել նաև չինական CoronaVac տեսակի պատվաստանյութ 50 հազար անձի համար։ Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այն դեռևս բաշխման փուլում է։
Պատվաստվողների մեջ թե՛ տարեցների, թե՛ երիտասարդների է հնարավոր հանդիպել։
Կնոջ հետ AstraZeneca-ով պատվաստվելու եկած տղամարդկանցից մեկը բոլորին հորդորում էր հետևել իր օրինակին․ - «Պատվաստվել անպայման, որովհետև ամբողջ աշխարհի փորձը դրա մասին է խոսում։ Դիմակ դնել է, պաշտպանվել է։ Ուրիշ ձևի չի հաջողվում հաղթահարել այդ դեռևս անհայտ վարակը։ Պիտի լսենք մասնագետներին»։
«Սա կյանքեր է փրկում», - ասում էր պատվաստման իր հերթին սպասող մեկ այլ տղամարդ, - «Սա այն միակ մեթոդն է, ճիշտ է՝ ինչքանով վստահելի է, ինչքանով վստահելի չի՝ դա երկրորդական հարց է, բայց այս պահին սա է փրկում կյանքեր։ Երկրորդը՝ ես ճանապարհորդել եմ շատ սիրում, ուզում եմ ճանապարհորդել, իսկ սա բացում է դռները ճանապարհորդության համար»։
Բրիտանա-շվեդական AstraZeneca-ի մեկ սրվակը նախատեսված է 10 ներարկման համար։ Ըստ բժիշկ Սարուխանյանի՝ պատվաստելուց առաջ ստուգում են քաղաքացիների առողջական վիճակը․ - «Անում են ջերմաչափում, թոքերն են լսում, ճնշումն են չափում, նոր ուղեգրում են, իջնում է պատվաստման։ Պատվաստումը կատարելուց հետո բնակիչը նստում է 30 րոպե միջանցքում, այդ ժամանակ ես լրացնում եմ քարտ, որտեղ գրվում է իր անուն-ազգանունը, անձնագրի համարը, տարիքը, պատվաստանյութի անվանումը և կատարված օրը և ժամը»։
Չնայած պատվաստվել ցանկացողներնօրեցօր շատանում են, այդուհանդերձ, պատվաստվածների ընդհանուր թիվը Հայաստանում շարունակում է փոքր մնալ՝ այս պահին երկրում բնակչության շուրջ 0,1 տոկոսն է միայն պատվաստվել։
Այժմ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցող ամերիկահայ վիրաբույժ Շանթ Շխրտումյանի խոսքով՝ առաջիկայում Հայաստանում հնարավոր կլինի պատվաստվել ոչ միայն բժշկական հաստատություններում, այլ նաև հանրային վայրերում. - «Դա կլինի տարբեր վայրերում, մոլերում»։
Պատվաստումներն այժմ թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ օտարերկրացիների համար հասանելի են ամեն օր բոլոր պոլիկլինիկաներում՝ անկախ գրանցման վայրից։