Մատչելիության հղումներ

Ըստ մասնագետի՝ Հայաստանում արդեն նկատելի է կորոնավիրուսի երրորդ ալիքի նվազման միտումը


Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ Հայաստանում արդեն նկատելի է կորոնավիրուսի երրորդ ալիքի նվազման միտումը, ըստ մասնագետի՝ ակնկալվում է, որ այս տենդենցը կշարունակվի մինչև 8-10 շաբաթ, որից հետո կանխատեսում են, որ կարող է սկսվել նաև չորրորդ ալիքը։

«Առաջին ալիքը շատ լավ զուգորդվում է, կապվում է ապակենտրոն ռազմավարության անցնելու հետ, հետագայում սահմանափակումների մեղմացմամբ, դրանից հետո կտեսնենք, որ ունեցանք թվերի աճ: Երկրորդ ալիքը ամենացավալի ալիքն էր, իհարկե, սա հիմնականում մեծամասամբ կապված էր ռազմական գործողություններով, երբ որ մարդկանց մեծ քանակությամբ շարժություն առաջացավ, իսկ երրորդ ալիքն ավելի հավանական է, որ կապված է ուսումնական օջախների վերաբացումով, երբ մոտավորապես 5-600 հազար մարդ վերադարձավ իր առօրյա շարժին», - նշեց Մելիք-Նուբարյանը:

Հայաստանում երկրորդ ալիքն առանձնացավ թե՛ մահերի, թե՛ հիվանդացության մեծ թվով, ինչը կապված էր պատերազմական իրավիճակով։ Իսկ երրորդ ալիքի ընթացքում, երբ պատերազմն արդեն ավարտվել էր, մահացության թիվը առաջին ալիքի համեմատ, մոտ 53 տոկոսով ավելի բարձր է։

«Թե ինչով է սա պայմանավորված, դժվար է ասել, վարկածներից մեկն է, որ արդեն Հայաստանում այլ շտամ է շրջանառվում, ինչպես աշխարհի մոտ 150 երկրներում և միգուցե դա է բերել նրան, որ մահաբերությունը այս ալիքի ընթացքում ավելի բարձր է եղել», - ասաց մասնագետը:

Կորոնավիրուսի տարածման միտումը նվազեցնելու, հիվանդացության ծանր դեպքերը կանխելու համար մասնագետները առանցքային են համարում զանգվածային պատվաստումները։ Այսօր էլ կորոնավիրուսով վարակվածների թվի անկման մասին Ազգային ժողովում խոսեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա և կինն առավոտյան, ըստ կառավարության հաղորդագրության, պատվաստվել էին։ Փաշինյանն ընդգծեց՝ եթե գործընթացը ճիշտ կազմակերպվի, Հայաստանում կարող են արագ տեմպերով հաղթահարել համաճարակը։

«Պատվաստանյութերի մատակարարումները կարգավորվում են, այսինքն հասանելիությունն ընդլայնվում է և պատվաստման ամբողջական ցիկլն ավարտելու համար անհրաժեշտ է մինչև երկու ամիս ժամանակ: Ես ուզում եմ ընդգծել, որ մեքն հիմա ունենք պատվաստանյութի բավականին մեծ պաշար ձեռք բերած, ընդ որում՝ տարբեր տեսակի պատվաստանյութերի և հիմա հնարավորություն ունենք սկսել լայնածավալ պատվաստումները», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում այս պահին օգտագործվում է երկու տեսակի պատվաստանյութ՝ բրիտանա-շվեդական «Աստրազենեկա»-ն և ռուսական «Սպուտնիկ V»-ն։ Օրերս Հայաստան է ներկրվել նաև 3-րդը՝ չինական «Կորոնավակը»։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այն դեռ բաշխման փուլում է, դեռևս չի հրապարակվում, թե բնակչության որ խմբի համար է նախատեսված։ «Աստրազենեկա»-ով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները, իսկ «Սպուտնիկ V»-ով՝ միայն 18-ից 54 տարեկան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչներն ու աշխատակիցները։ Վարչապետի պաշտոնակատարը հրաժարվեց հստակեցնել, թե որ տեսակի պատվաստանյութով են պատվաստվել ինքն ու կինը։

«Կարող եմ ասել, որ մեր փոխվարչապետերից մեկը պատվաստվել է «Աստրազենեկա»-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի «Սպուտնիկ V»-ով և հույս ունեմ Ազգային ժողովի նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Արդեն երեք շաբաթ է, ինչ Հայաստանում կամավոր սկզբունքով պատվաստումներ են իրականացվում։ Ըստ առողջապահության նախարարության՝ մինչև մայիսի 1-ը պատվաստվել է 4221 քաղաքացի՝ բնակչության 0,14 տոկոսը։

Նախորդ մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 145-ով։ Մեկ օրում մահացել է 10 մարդ, ևս 2 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել են այլ հիվանդության պատճառով։ Հայաստանում քովիդից ու քովիդով վարակված, բայց այլ պատճառով մահացածների ընդհանուր թիվն անցնում է 5000։

Կորոնավիրուսով վարակված 846 մարդ այս պահին գտնվում է ծանր, 230-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, 68-ն էլ թոքերի արհեստական օդափոխման սարքերին է միացված։ Քովիդով հիվանդներին սպասարկում է 23 բժշկական կենտրոն, որոնցից 10-ը՝ մարզերում։ Վերակենդանացման բաժանմունքներում 329 զբաղված մահճակալ կա, ազատ է 15-ը։ Ընդհանուր առմամբ հիվանդանոցներում բուժում է ստանում 2149 անձ, ավելի քան 9000 վարակակիր էլ տանն է բուժվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG