Կորոնավիրուսի դեմ AstraZeneca բրիտանա-շվեդական պատվաստանյութով արդեն կարող են պատվաստվել նաև 18-ից բարձր բոլոր քաղաքացիները, այդ թվում` օտարերկրացիները: Առողջապահության նախարարության կայքից տեղեկացանք, որ դեռ չորս օր առաջ է նախարարը փոխել նախապես կայացված որոշումն, ըստ որի՝ AstraZeneca-ով կպատվաստեն միայն 55 տարեկանից բարձր խոցելի խմբի քաղաքացիները։
Հաջորդ փոփոխությունն էլ այն է, որ թե AstraZeneca-ով, թե Sputnik V տեսակի պատվաստանյութով թույլատրվում է պատվաստվել ցանկացած պոլիկլինիկայում։ Այդուհանդերձ, ի տարբերություն AstraZeneca-ի՝ Sputnik V պատվաստանյութը դեռ բոլոր ցանկացողներին հասանելի չէ։ Այստեղ շարունակում է գործել նախարարի որոշումն, ըստ որի՝ Sputnik-ով կպատվաստվեն միայն 18-ից 54 տարեկան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները։
Երեկվա տվյալներով` շուրջ երկու շաբաթվա ընթացքում AstraZeneca-ով և Sputnik-ով Հայաստանում քովիդի դեմ պատվաստվել է մոտ 2 հազար 200 մարդ։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանն ասում է. «Կոնկրետ 18-ից 55 տարեկանների ընդհանուր ռիսկի խմբերին չի դա վերաբերում, այլ կամավոր անձանց, ըստ դիմելիության, որովհետև վերջին օրերին մենք զանգեր ենք ստանում, մարդիկ, որոնք ուզում են պատվաստվել, բայց քանի որ որևէ ռիսկի խմբում իրենք չկան և կամավոր հիմունքներով ուզում են պատվաստվել, ուղղակի սա աջակցություն է այդ անձանց, ովքեր որ 18-ից մինչև 55 տարեկան այդ միջակայքում են, իրենք գիտակցում են, իրազեկված են, բայց բոլոր դեպքերում ուզում են այդ պատվաստումն ստանալ»:
Որոշ երկրներ ժամանակավոր սառեցրել էին AstraZeneca-ի կիրառումը, պատճառը առաջացած թրոմբային խնդիրներն են։ Մասնագետները, սակայն, վիճակագրություն են մեջբերում` ընդգծելով, որ աշխարհում կիրառման առումով բրիտանա-շվեդական այս պատվաստանյութն առաջին տեղում է, հետևաբար՝ օգտագործման այդ հսկայական ծավալներում չեն բացառում նաև բարդությունները, տրամադրվող տեղեկություններն էլ բաց են ու թափանցիկ։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը շարունակելով թեման ասում է՝ AstraZeneca-ով պատվաստված մեկ միլիոն քաղաքացիներից մեկի մոտ կարող է իսկապես թրոմբային խնդիրներ առաջանալ։ Ըստ նրա` հազվադեպ այս խնդիրներն արձանագրվել են մինչև 55 տարեկանների շրջանում, թեև կապը, որ դա պատվաստումից է առաջանում, դեռ հստակ բացահայտված չէ, ասում է Սահակյանը:
Ապրիլի 15-ին նախարար Ավանեսյանն էլ Ազգային ժողովում նշել էր, որ Հայաստան ներկրված AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է: Արդյոք սա է պատճառը, որ տարիքային սահմանափակումը այս պատվաստանյութի համար հանվել է, հետաքրքրվեցինք Գայանե Սահակյանից։
«Չէի ասի, որովհետև որոշակի փոփոխություն ունենք նաև Sputnik-ի առումով, բոլոր դեպքերում իրենք իրազեկվում են, որ միջազգային կառույցներն ու հեղինակավոր կազմակերպությունների կողմից գնահատվել է, որ կա ռիսկ, որ մեկ միլիոնից, օրինակ, մեկի մոտ կարող է նման երևույթ զարգանալ` թրոմբոէմբոլիտ բարդությունը նկատի ունեմ», - ասաց նա:
Երևանի թիվ 17 պոլիկլինիկայում թիրախային խմբի շուրջ 11 հազար քաղաքացի է գրանցված։ Բնակիչների սպասարկման թվով այս պոլիկլինիկան ամենամեծն է Կենտրոն վարչական շրջանում։
Տնօրեն Սաթենիկ Բադալյանն «Ազատության» հետ զրույցում ցավով նշեց, որ մինչև այս պահն իրենց պոլիկլինիկայում պատվաստվել է 43 քաղաքացի՝ 22-ը՝ ռուսական Sputnik V -ով, 21-ը՝ բրիտանա-շվեդական AstraZeneca-ով։
Մեր նկարահանման պահին պոլիկլինիկայի տնօրենը նույնպես պատվաստվեց AstraZeneca-ով: Ասաց՝ 10 հոգու համար նախատեսված պատվաստանյութի մեկ սրվակը բացելուն պես սպասում էր իր հերթին, ամենավերջին պատվաստվողն էլ այդ սրվակից ինքն էր. «Կամավորության սկզբունքով այսօր ես պատվաստվում եմ AstraZeneca պատվաստանյութով: Հորդորում եմ ազգաբնակչությանը պատվաստվել` հաշվի առնելով` յուրաքանչյուրը որ տարիքային խմբում է, խրոնիկ հիվանդություններով տառապողներին` խուսափելու հետագա բարդություններից պատվաստվեք, և կանխենք 21 դարի չարիքը»:
Նույն սրվակով պատվաստվել էր ևս 7 հոգի, նրանցից երկուսին էլ հանդիպեցինք պոլիկլինիկայի միջանցքում: Կարգն է այդպես` պատվաստվելուց հետո 30 րոպե պետք է մնան բժիշկների հսկողության տակ:
«Ես իմ մասին եմ մտածում, որ չվարակվեմ, չհիվանդանամ», - ասում է պատվաստված կինը:
«Կոնկրետ ինձ համար ինքն ավելի շատ ազատություն է տալիս, այսինքն` պատվաստվելուց հետո շատ սահմանափակումներից երևի թե կարաս քեզ ավելի ազատ զգաս», - ասում է մեկ այլ քաղաքացին:
Երեկ Հայաստան է ներկրվել ռուսական Sputnik-V պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14 հազար մարդու համար։
Համալսարանական թիվ մեկ պոլիկլինիկայում էլ պատվաստման ենթակա՝ թիրախային խմբի հազար քաղաքացի կա գրանցված, բայց շուրջ 20 օր մեկնարկած պատվաստումների ընթացքում այստեղ դեռ 8 մարդ է պատվաստվել` 3-ը` Sputnik-ով, 8-ը՝ AstraZeneca-ով։ Տնօրեն Աննա Բալյանը հույս ունի, որ AstraZeneca-ով պատվաստվողների տարիքային շեմի փոփոխությունը կնպաստի այս թվի աճին. «Վերանայվել են այդ ռիսկի խմբերը, որը մեզ հնարավորություն կտա ավելի շատ մարդիկ ներգրավել»:
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն այսօր աճել է 595-ով, բուժվածներինը՝ 801-ով, գրանցվել է մահվան ևս 18 դեպք: Հիվանդանոցներում այս պահին քովիդից բուժվում է 2 հազար 285 քաղաքացի, իսկ ահա վերակենդանացման բաժանմունքներում ընդամենը 13 ազատ մահճակալ է մնացել։ 84 մարդ շնչում է թոքերի արհեստական օդափոխման ապարատի միջոցով, 242 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր, իսկ 962 մարդ՝ ծանր վիճակում։