Մատչելիության հղումներ

Հայաստանն առաջիկայում նախատեսում է ներկրել մի քանի այլ պատվաստանյութեր, այդ թվում՝ չինական


Առաջիկայում Հայաստան կներկրվի չինական «Սինովակ» (Cinovak ) ընկերության արտադրած Coronavak պատվաստանյութը, այսօրվա ասուլիսում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը։ Ըստ նրա՝ COVAX հարթակի միջոցով Հայաստան կներկվեն ևս մի քանի տեսակի պատվաստանյութեր, թե որոնք և ինչ դեղաչափով, դեռ հստակ չէ:

Պաշտոնական տվյալներով՝ մինչև այս պահը Հայաստանում արդեն պատվաստվել է 2044 քաղաքացի, նրանցից 597-ն արդեն ստացել են անհրաժեշտ՝ երկրորդ դեղաչափը։

«Բոլոր պատվաստվածների շրջանում առողջական որևէ լուրջ խնդիր չի գրանցվել, սպասվող ռեակցիաները` այն, ինչ որ մենք սովորաբար ասում ենք` թեթևակի ջերմության բարձրացում, որոշակի տեղային ռեակցիաներ, ընդհանուր թուլություն, գրիպանման նշաններ, որոնք բոլորը կարճատև են և կարճ ժամանակից հետո անցնում են», - ասաց նա:

Մինչև այսօր Հայաստան է ներկրվել 24 հազար դեղաչափ բրիտանա-շվեդական AstraZeneca տեսակի պատվաստանյութ՝ նախատեսված 12 հազար քաղաքացու համար և երկու խմբաքանակով էլ ռուսական Sputnik տեսակի պատվաստանյութ, սա էլ նախատեսված է 21 հազար 500 մարդու համար։

Տարածաշրջանում պատվաստումների պատկերն ըստ Սահակյանի՝ հետևյալն է. «Թուրքիայում 13.2 տոկոսն է բնակչության պատվաստվել, Ռուսաստանի Դաշնությունում` 6.7 տոկոսը, Իրանում` 0.5 տոկոսը և Վրաստանում` 0.5 տոկոսը: Ընդամենը երկու շաբաթ է մեզ մոտ իրականացվում, և 2 շաբաթվա կտրվածքով մենք ունենք 2641 դեղաչափ պատվաստում: Օրական կտրվածքով մենք աճ ենք գրանցում, յուրաքանչյուր օր նախորդից 4-5 տոկոսով ավելի են պատվաստումները»:

18-ից բարձր բոլոր քաղաքացիներն ու Հայաստանում գտնվող օտարերկրացիներն, ի դեպ, կարող են կամավորության սկզբունքով հայաստանյան ցանկացած պոլիկլինիկայում անվճար պատվաստվել AstraZeneca-ով։ Ավելի վաղ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ այս պատվաստանյութով պետք է պատվաստվեն միայն 55 տարեկանից բարձր խոցելի խմբի քաղաքացիները։ Օրերս, սակայն, Ավանեսյանն այս որոշումը փոփոխության է ենթարկել՝ հանելով տարիքային սահմանափակումը։

«Վարկածները, որ AstraZeneca-ով պատվաստվածների մոտ թրոմբային խնդիրներ են առաջանում, այլևս գոյություն չունի՞»,-լրագրողի հարցին պատասխանում է Գայանե Սահակյանը:

«Դա այսօր էլ է մնում մեր ընդհանուր քաղաքականության մեջ, մեր ռիսկի խմբերին, բոլորին առաջարկում ենք 55-ից բարձր անձանց շրջանում պատվաստումներ, իսկ մինչև 55 տարեկանը բոլորը դիմելն ըստ դիմելության և կամավորության հիմունքներով է լինելու: Եթե մարդն ինքը պնդում է, 40 տարեկան է կամ 30 տարեկան է և որևէ ռիսկի խմբում չկա, դիմում է և խնդրում է իրեն պատվաստել: Քանի դեռ երկրում չունենք վճարովի պատվաստումներ հստակ, առայժմ մենք փորձում ենք օգտակար լինել այդ քաղաքացիներին»:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը հայտարարեց՝ աշխարհի ավելի քան 170 երկրում կատարվել է 1.1 մլրդ դեղաչափ պատվաստում, կիրառված պատվաստանյութերի առումով AstraZeneca-ն առաջին տեղում է՝ մոտ 200 միլիոն դեղաչափ։ Իսկ ահա Sputnik V-ի պատվաստանյութը դեռ բոլոր ցանկացողներին հասանելի չէ։ Այստեղ շարունակում է գործել նախարարի որոշումն, ըստ որի՝ Sputnik-ով կպատվաստվեն միայն 18-ից 54 տարեկան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչներն ու աշխատակիցները։ Բայց նրանք նույնպես արդեն կարող են պատվաստվել ցանկացած պոլիկլինիկայում։

Պատվաստվելուց առաջ շատ քաղաքացիներ արյան անալիզ են հանձնում, արյան մակարդելիությունը ստուգում, հակամարմինների քանակը պարզում և այլն։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենն ասում է՝ դրանք անիմաստ ժամանակի վատնում են. «Ոչ մի հետազոտություն պետք չի, ոչ մի արյան հետազոտություն, որ տրոմբոցիտների քանակի որոշում, ոչ հակամակարդիչների կիրառում, որովհետև ինչի մասին խոսքն այսօր գնում է, դա բոլորովին կապ չունի սովորական հակամակարդիչների կիրառմանը կամ արյան հետազոտությունների ինչ-որ բան հայտնաբերման հետ: Նույնը ևս ՊՇՌ թետսով հայտնաբերեն` տվյալ պահին անձը կորոնավիրուսային հիվանդության վարակվածության ախտանշաններ ունի, թե ոչ: Առավոտյան կարող է բացասական լինել, բայց երեկոյան արդեն դրական լինել: Պարզապես պետք է իմանալ, որ պատվաստումը չի խորացնում իրավիճակը, մեզ պետք է չեզոքացնող հակամարմինները որոշել: Դրանք են արդեն պաշտպանիչ դեր կատարում, իսկ շատ դեպքերում գնում են ընդհանուր հակամարմինների որոշման ուղղությամբ»:

Միայն այսօր Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 808-ով, բուժվածներինը՝ 588-ով, գրանցվել է մահվան ևս 13 դեպք:

XS
SM
MD
LG