Այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստված է 2 հազար 690 մարդ, այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ այն համարելով խայտառակ ցածր ցուցանիշ։
«Հիմա աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքական, քաղաքակրթական, այնպես որ սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը», - հայտարարեց Փաշինյանը։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ մի քանի օր է արդեն պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու։
«Ցավոք, Հայաստանը 4000-ի շեմը հատել է մահվան դեպքերով։ Պատվաստումը միակ միջոցն է, որն օգնելու է վերջ դնելու այս մահերի աղետալի ընթացքին և հաջորդական ալիքներին՝ զսպելու և թույլ տալու, որ ի վերջո այս թեման փակված համարենք։ Բոլոր այն պատվաստանյութերը, որոնք առկա են Հայաստանում 100 տոկոսով պաշտպանում են հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից։ Ուզում եմ նշել, որ ռիսկը պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք քովիդով վարակվելու և դրա հետևանքով առողջությանը ծանր և ցավոք սրտի նաև մահվան դեպքերով։ Ուստի խնդրում եմ, հորդորում եմ, հարգելի գործընկերներ, ակտիվ կերպով ներգրավվենք պրոցեսին և մեր օրինակով ցույց տանք, որ սա առաջնային կարևոր խնդիր է, որ պետք է լուծենք։ Ես երեկ պատվասվել եմ, պարոն Ավինյանը ևս, ինձ զգում եմ շատ լավ, և հույս ունեմ, որ այս օրինակը վարակելի կլինի»։
Փաշինյանը հույս հայտնեց, որ մեկ շաբաթվա ընթացքում դահլիճում ներկաները կպատվաստվեն։
«Այս մենք ունենք AstraZeneca, «Սպուտնիկ V» և առաջիկայում պատրաստվում ենք ստանալ չինաստանից պատվաստանյութ։ Եկեք արձանագրենք, որ եթե որևէ պատվաստանյութ ներկայացնի որևէ վտանգ քաղաքացիների առողջությանը, կյանքին, Հայաստանի կառավարությունն ուղղակի այդ պատվաստանյութը չի ընդունի», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը՝ տեղեկացնելով․ - «Ռուսաստանի Դաշնության հետ ունենք պայմանավորվածություն, որ ընդհուպ մեկ միլիոն դոզա պատվաստանյութ ենք ստանալու, նաև մյուս գործընկերներից էլ շատ մեծ քանակներով, և պատկերացրեք պետական միջոցներից ահռելի գումարներ ենք ծախսում, և հետո պարզվի, որ մենք սկզբունքորեն չենք պատվաստվում»։