Մատչելիության հղումներ

ԵՄ-ն մտադիր է ամառվանից դռները բացել պատվաստված օտարերկրյա զբոսաշրջիկների համար


Եվրամիությունը մտադիր է հունիսից իր դռները բացել կորոնավիրուսի դեմ պատվաստված օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

Ամռանն ընդառաջ Եվրահանձնաժողովը դաշինքի անդամ երկրներին առաջարկում է բացել համաճարակի պատճառով ամիսներ շարունակ փակի տակ գտնվող ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին սահմանները՝ այցելուների մուտքի գլխավոր պայման սահմանելով կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը։ Ընդ որում, պատվաստանյութը պետք է հաստատված լինի Եվրամիության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից։ Եվրամիությունն այս պահի դրությամբ գրանցել է կորոնավիրուսի դեմ ընդամենը չորս պատվաստանյութ՝ AstraZeneca-ն, Pfizer/BioNTech-ը, Moderna-ն և Johnson & Johnson-ը։ Ռուսաստանյան Sputnik V-ն մարտ ամսից սպասում է Դեղորայքի եվրոպական գործակալության հաստատմանը, Բրյուսելում դեռևս հավանություն չեն տվել նաև աշխարհի տասնյակ երկրներում լայնորեն կիրառվող չինական արտադրության պատվաստանյութերին։ Ռուսաստանյան դեղամիջոցն ընդգրկված չէ նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կազմած ցանկում։

Պատվաստված զբոսաշրջիկների համար Եվրամիության արտաքին սահմանների բացման մասին դաշինքի գործադիր մարմնի առաջարկը դեռևս պետք է հավանության արժանանա 27 անդամ երկրների կողմից, վաղը նախատեսված է այդ հարցով առաջին քննարկումը։

Դաշինքի անդամ Կիպրոսը, չսպասելով այդ քննարկումներին, մտադիր է արդեն առաջիկայում` մայիսի 10-ից բացվել 65 երկրների պատվաստված զբոսաշրջիկների համար՝ առանց բացասական թեստի և ինքնամեկուսացման պայմանի: Այս մասին անցած օրերին հայտարարում էր երկրի զբոսաշրջության նախարար Սավվաս Պերդիոսը։ Կիպրոսցի պաշտոնյայի խոսքերով` այդ ցանկում ներառվել են նաևՀայաստանը, Կանադան, Միացյալ Նահանգները, Շվեյցարիան։

Դեռևս մարտ ամսին Financial Times պարբերականը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական գերատեսչություններին է ներկայացրել, այսպես կոչված, «կովիդ-անձնագրերի» ստեղծման հիմնական սկզբունքները՝ շեշտելով, որ հենց այդ փաստաթուղթը պետք է դրված լինի զբոսաշրջային սեզոնի սահմանափակումների թուլացման հիմքում։ Եվրահանձնաժողովի առաջարկի համաձայն՝ շենգենյան գոտի ժամանող օտարերկրացիները նույնպես պետք է պատվաստված լինելու պաշտոնական հավաստագիր ունենան, որը ընդունելի կլինի Եվրամիության տարածքում։ Այդ փաստաթղթի չափանիշները առայժմ չեն հստակեցվում, հայտնի է, որ դրանում պետք է նշված լինեն քաղաքացու անձնական տվյալները և պատվաստման թվականները։

Այս պահին, հիշեցնենք, Եվրամիության անդամ երկրներ կարող են այցելել ընդամենը մի քանի երկրի քաղաքացիներ՝ Թայլանդից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Սինգապուրից, Ռվանդայից, Հարավային Կորեայից և Չինաստանից։ Եվրամիության ղեկավարությունը այս յոթ երկրներն է համարում համաճարակային տեսանկյունից բարենպաստ։

«Ժամանակն է վերակենդանացնել Եվրամիության զբոսաշրջային ոլորտը և անդրսահմանային բարեկամությունը՝ անվտանգ կերպով»,- Թվիթերում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Չնայած Եվրոպան դեռևս պայքարում է համաճարակի երրորդ ալիքի դեմ, բազմաթիվ մասնագետներ այդուհանդերձ նկատում են, որ մայրցամաքում ընդհանուր առմամբ հաջողվել է վերահսկողության տակ առնել հիվանդությունը։ Եվրոպայում վարակի տեմպերի նվազմանը զուգահեռ որոշ երկրներ արդեն սկսել են թուլացնել ամիսներ տևած կոշտ սահմանափակումները, ավելանում է պատվաստումների թիվը։ Ապրիլի վերջին Եվրամիության յուրաքանչյուր չորրորդ բնակիչ արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ երկու չափաբաժին է ստացել յուրաքանչյուր տասներորդը։

Կորոնավիրուսի համաճարակը աննախադեպ հարված է հասցրել հատկապես համաշխարհային զբոսաշրջային ոլորտին․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2020 թվականին միջազգային զբոսաշրջային շրջագայությունների թիվը կրճատվել է 1 միլիարդով կամ 74 տոկոսով, տարին վատթարագույն էր զբոսաշրջության համար։ Կառույցի հաշվարկներով համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակի հետևանքով ոլորտի եկամուտները կրճատվել են 1,3 միլիարդ դոլարով, ինչը 11 անգամ գերազանցում է 2009 թվականի տնտեսական ճգնաժամի հետևանքով կորուստները։ Կազմակերպությունը նշում է, որ համաճարակը հարվածել է զբոսաշրջությունում 100-120 միլիոն աշխատատեղի, որոնց մեծամասնությունը մանր և միջին բիզնես են։

XS
SM
MD
LG