Մատչելիության հղումներ

Հայաստանն այսօր հնարավորություն ունի սկսելու լայնածավալ պատվաստումներ կորոնավիրուսի դեմ, հայտարարեց Փաշինյանը


Հայաստանը հիմա ունի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բավական մեծ պաշար ձեռք բերած և հնարավորություն ունի սկսելու լայնածավալ պատվաստումներ, այսօր Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանը թվերի անկման փուլում է, և եթե պատվաստումը ճիշտ կազմակերպվի, կարող է արագ տեմպերով հաղթահարել համաճարակը:

«Նույնիսկ բացասական պատասխանի դեպքում, եթե քաղաքացին պատվաստված չէ, կարող են լինել ճամփորդելու սահմանափակումներ: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ միջազգային տուրիստական գործակալությունների համար, որպես ուղղություն ակտիվացնելու համար, շատ կարևոր չափանիշ է ընտրված, թե տվյալ երկրում պատվաստումների ինչ մակարդակ է արձանագրվել: Հիմա արդեն Երևանի, Հայաստանի տարբեր զբոսաշրջային վայրերում կարելի է տեսնել, բարեբախտաբար, զբոսաշրջիկների, և եթե մենք պատվաստման ցիկլը ճիշտ կազմակերպենք, կարող ենք վերադարձնել 2019 թվականի ծավալները», - ասաց Փաշինյանը՝ կարևորելով հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների և սպասարկման ոլորտի ընկերությունների աշխատողների պատվաստման գործընթացի կազմակերպումը:

«Այսօր առավոտյան մենք Առողջապահության նախարարի հետ քննարկում էինք, որ գուցե պետական ինչ-որ տարբերանշան թողարկվի, որ այն ձեռնարկությունները՝ կլինեն ռեստորաններ, հյուրանոցներ և այլն, որտեղ աշխատողների 70 և ավելի տոկոսը պատվաստված է, այդտեղ նշվի, որ այդ ընկերություններում գտնվելը, նրանց ծառայություններից օգտվելը համեմատաբար կամ ընդհանուր առմամբ անվտանգ է», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը՝ կոչ անելով հատկապես հանրային լիդերներին, առաջնորդներին սեփական օրինակով ի ցույց դնել այդ պրոցեսի կարևորությունը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ Աննա Հակոբյանի հետ այսօր պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ո՞ր պատվաստանյութով են պատվասվել, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց՝ չի ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել է։

«Միայն կասեմ, որ մեր փոխվարչապետերից մեկը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի Sputnik V-ով: Հույս ունեմ, որ Ազգային ժողովի նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք», - ասաց Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ Հայաստանի ձեռք բերած բոլոր պատվաստանյութերն էլ լավ են։

XS
SM
MD
LG