Մատչելիության հղումներ

Մարուքյան․ Իրավական առումով տարբերություն չկա, թե երբ դիմենք


«Լուսավոր Հայաստանն» այս պահին չի միանա Սահմանադրական դատարան դիմելու ընդդիմադիր մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը, կդիմեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո։ Որոշումը լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Առանց «Լուսավոր Հայաստանի» առնվազն երկու պատգամավորի ստորագրության, սահմանադրական վերջին փոփոխությունները հակասահմանադրական համարող ԲՀԿ-ն չի կարող դրանք վիճարկել Բարձր դատարան։

Այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո թոշակի կուղարկվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք դատավորները, իսկ Հրայր Թովմասյանն այլևս չի լինի ՍԴ նախագահը։

Մարուքյանի խոսքով, իշխանամերձ հատվածից կարծիք է հնչում, թե Սահմանադրական դատարան դիմել պատրաստվող ընդդիմադիրները շահագրգռված են, որ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործը հենց Բարձր դատարանի գործող կազմը քննի, իսկ երկրորդ նախագահի փաստաբանները պնդում են, թե Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի նպատակ է հետապնդում՝ անել ամեն ինչ, որ ՍԴ-ն այս կազմով չքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը:

Իրենց որոշումը Մարուքյանն այսպես բացատրեց՝ հնարավորություն չեն տալու, որ հակամարտող կողմերից որևէ մեկը ի շահ իրեն ծառայեցնի «իրավական գործընթացը»․ – «Մեր գործողությունը պետք է աներկբա, միանշանակ, զուլալ մնա իրավական։ Այսինքն՝ որևէ ձևով չպիտի ծառայի գործող իշխանության շահերին, կան ծառայի նախկին իշխանության շահերին։ Իրավական առումով տարբերություն չկա, թե երբ դիմենք, որովհետև Սահմանադրական դատարանը իրավունք ունի ամբողջությամբ վերափոխի և վերականգնի նախկին իրավիճակը»:

Արձագանքելով հարցին, թե արդյոք «Բարգավաճ Հայաստանը» համաձայն է իրենց նշած ժամկետներում դիմել Սահմանադրական դատարան, Մարուքյանն ասաց․ - «Համաձայնության առումով խնդիր ես չեմ տեսել»։

Իսկ ահա Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ից չեն շտապում ասել՝ կցանկանա՞ն դիմել հուլիսի 7-ից հետո, թե՞ ոչ։

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք «Լուսավոր Հայաստանի» որոշումը ի գիտություն են ընդունել։ Մարուքյանի հետ երեկ են հանդիպել։

«Չեմ կարծում, որ մենք պետք է Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ սահմանադրական հեղաշրջումը կապեինք նրա հետ, թե հուլիսի 1-ին, հուլիսի 7-ին, չգիտեմ օգոստոսի 6-ին ում և ինչ գործ պիտի քննարկվեր Սահմանադրական դատարանում։ Այդուհանդերձ այդպիսին է մեր գործընկերների դիրքորոշումը, մենք իրենց դիրքորոշումը ընդունել ենք ի գիտություն։ Մնացյալի վերաբերյալ, թե ինչ կանենք հուլիսի 7-ից հետո միասին, բնականաբար, մենք ժամանակ ունենք այդ հարցը դեռևս քննարկելու», - նշեց նա։

Սահմանադրական վերջին փոփոխությունների սահմանադրականությունը, ինչպես կարծում են «Լուսավոր Հայաստանում», չի կարող վիճարկվել ՍԴ-ում: Բայց, դարձյալ իրենց դիտարկմամբ, մինչև երկրորդ ընթերցում, այսինքն` ամբողջությամբ ընդունելը սահմանադրական փոփոխությունները խորհրդարանից պետք է ուղարկվեին Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալ համար, ինչը, Սահմանադրության խախտմամբ, չի արվել: Եվ երկրորդը, «ԱԺ Կանոնակարգ» օրենքում արած փոփոխությամբ Հանրապետության նախագահին խորհրդարանը զրկել է սահմանադրական փոփոխությունների ընդունված նախագիծը ստորագրելու իրավունքից: Հենց այս հարցերով էլ դիմելու են Սահմանադրական դատարան:

«Ազատության» հետ զրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պնդեց, որ Սահմանադրական դատարան չդիմելու հարցը ԼՀԿ-ն չի կարող վիճարկել ՍԴ-ում: Իսկ այն, որ նախագահը զրկվել է իր լիազորություններից, նախարարը շահարկում է համարում։ Ուղիղ ասաց, թե խնդիրը հենց նախագահականն է բարձրացրել․ – «Իմ դիտարկմամբ, «Լուսավոր Հայաստանը» իրավունք չունի դիմելու Սահմանադրական դատարան, որովհետև Սահմանադրությունը չի նախատեսում որևէ կարգավորում, որով որ, ես որքանով որ տեղյակ եմ, միգուցե սխալվեմ, խոսք է գնում սահմանադրական մարմինների միջև առկա վեճով Սահմանադրական դատարան դիմելու տարբերակի մասին:

Ավելի պարզ լեզվով ասելու համար Ազգային ժողովի և օրինակ` Ազգային ժողովի այլ մարմնի միջև առկա է վեճ, այդ մարմինը կարծում է, որ սահմանադրաիրավական որևէ լիազորության մասով վեճ առկա է Ազգային ժողովի հետ, և այդ հարցը կարող է պատգամավորների 1/5-րդը որպես սահմանադրական մարմինների միջև վեճ, այդ վեճով կարող են դիմել Սահմանադրական դատարան: Այստեղ ես որևէ նման վեճ չեմ տեսնում»:

Իսկ այս պահին Սահմանադրական դատարան չդիմելու «Լուսավոր Հայաստանի» որոշումը իշխանությունը ձեռնպահ է մնում մեկնաբանել։ Օրինակ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր անպատասխան թողեց հարցը, թե արդյոք դա իշխանությանը չհարվածելու քայլ էր։

Իսկ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախընտրեց միայն մեկ դրվագի անդրադառնալ․ - «Ես հասկանում եմ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշում էս հարցի վերաբերյալ, որ չխառնեն մեկ գործընթացը մյուսի հետ և փորձեն իրենց լիազորությունները իրականացնեն ավելի հանգիստ մթնոլորտում»։

Հարցին, թե արդյոք մտավախություն չունի, թե Սահմանադրական դատարան ոչ թե հիմա, այլ հուլիսին դիմելու որոշումը կընկալվի որպես իշխանության ջրաղացին ջուր լցնել, Մարուքյանն արձագանքեց, որ չունի։ Հավելեց, որ իր կարծիքով, իրենց դիմումը ոչ միայն վարույթ կընդունվի, այլև պաշտոնանկ արված դատավորները կվերականգնվեն իրենց պաշտոններում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG