Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն անդրադառնալով խորհրդարանի կողմից երեկ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծին` ակնարկեց, որ այն պետք է ուղարկվեր Սահմանադրական դատարան։
Հակասահմանդրակա՞ն է արդյոք նախագիծը Բարձր դատարան չուղարկելու՝ իշխանական խմբակցությանը որոշումը․ այս հարցով Թովմասյանն այսօր զերծ մնաց գնահատականներից։
«Այն սահմանադրությունը, որը գործում է, որին ես մասնակցել եմ, այնտեղ չի գրված, որ եթե սահմանադրական փոփոխությունները վերաբերվելու են Սահմանադրական դատարանին, դա ենթակա չէ նախնական սահմանադրական վերահսկողության», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թովմասյանը:
Դիտարկմանը, թե իշխող ուժի ներկայացուցիչները համոզված են, որ Բարձր դատարանի դատավորներն այս դեպքում զրկված են օբյեկտիվ որոշում կայացնելու հնարավորությունից, Թովմասյանն հակադարձեց՝ օրինակ բերելով Սահմանադրական դատարանի փորձը․ - «Երբ որ ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առարկա էր դարձրել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, էդ ժամանակ ինչո՞ւ ոչ մեկի մտքով չէր անցնում․․․ Ամբողջ խնդիրը հետևյալն է, որ Սահմանադրական դատարանները, այո, իրենց էնպիսին են, որ իրենց վերաբերյալ հարցերը ևս կարող են լուծել»։
Եթե երեկ Ազգային ժողովի ընդունած նախագիծն օրենքի ուժ ստանա, ապա կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, և թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։
«Որպես իրավաբան եմ ասում․ ես երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար որպես իրավաբան, որպես Սահմանադրության հեղինակներից մեկը, ես պարզապես ամոթի զգացողություն ունեմ», - ասաց Թովմասյանը։
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյաննի խոսքով, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՍԴ նախագահի ու մյուս դատավորների հնչեցրած մեկնաբանություններն արդեն իսկ փաստում են իրենց տեսակետի ճշմարատացիությունը, որ Բարձր դատարանն այս դեպքում օբյեկտիվ որոշում չի կարող կայացնել․ - «Հրայր Թովմասյանը իր մեկնաբանություններով, իր գործընկերների, իրենց մեկնաբանություններով այսօր ուղղակի հաստատում են իմ հայտարարությունը, որ իրենք զրկված են օբյեկտիվ քննություն իրականացնելուց»։
Խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն, կդադարեցվեն ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները։
Վերջինս սակայն համոզված է, որ իշխող ուժի առաջ բերած փոփոխություններն իր վրա չեն ազդում. – «Ինձ վերաբերվել չի կարող, որովհետև ես պաշտոնավարում եմ 2014 թվականի օգոստոսից, իսկ եթե ավելի հստակ լինենք` հոկտեմբերի 1-ից, որովհետև պարտականությունների կատարմանը անցել եմ հոկտեմբերի 1-ին»:
«Ազատության» դիտարկմանը, թե փոփոխությունների հեղինակները հաշվում են նաև ՍԴ-ում իր առաջին պաշտոնավարումը, Գյուլումյանն արձագանքեց. – «Դա կամայական մեկնաբանություն է»:
Ալվինա Գյուլումյանը Սահմանադրական դատարանի անդամ էր 1996- 2003 թվականներին, ապա նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ։ Հետո 2014-ին կրկին վերադարձել է Սահմանադրական դատարան։
Գյուլումյանն ասաց, որ պաշտոնից զրկվելու պարագայում իրավական գործընթաց կսկսի: Նա վստահ է, որ դրա համար ունի բոլոր հիմքերը։
«Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Հովակիմյանը հակադարձում է՝ պնդելով, որ փոփոխությունները նաև Ալվինա Գյուլումյանին են վերաբերում․- «Եթե Ալվինա Գյուլումյանը ընդհանուր տևողության 12 տարուց ավելի է պաշտոնավարել, ուրեմն այդ փոփոխություններն իր վրա էլ են տարածվում։ Եվ իր մեկնաբանությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ եթե խորհրդարանը դիմեր Սահմանադրական դատարանին, Սահմանադրական դատարանը ի վիճակի չէր օբյեկտիվ որոշում կայացնել»։
Իրեն թոշակի ուղարկելու դեպքում իրավական գործընթաց սկսելու մտադրություն ունի նաև Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը։ Նա ևս իշխանությունների նախաձեռնած փոփոխությունները խնդրահարույց է համարում։ Թեև Թոխյանը ևս զերծ է մնում իշխանական ուժի նախաձեռնած փոփոխություններին գնահատականներ տալուց, այնուամենայնիվ, դատավորն իր խոսքում «խախտում» բառն է գործածում․ - «Որևէ մեկը կասկած ունի՞, որ բոլոր իրավական միջոցներով մենք պայքարելու ենք որևէ խախտման դեմ»:
Խորհրդարանի կողմից երեկ ընդունված Սահմանադրական փոփոխությունները առանց նախագահի ստորագրության, միայն Ազգային ժողովի ղեկավարի կողմից հրապարակվելուց հետո կմտնեն ուժի մեջ՝ եթե նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրի պատգամավորների կողմից երեկ ընդունված մեկ այլ օրինագիծ, ըստ որի՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախագահին ուղարկելու անհրաժեշտություն չկա։