Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ ընդունված հունիսի 19-ին և հրապարակված այսօր, հնարավոր է դարձնում լուծել Հայաստանի Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև սահմանադրական ճգնաժամի կենտրոնում գտնվող հիմնախնդիրները, այսօր հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
Իր կարծիքում «Ժողովրդավարություն օրենքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը՝ Վենետիկի հանձնաժողովը, ճանաչում է հանրաքվե նշանակելու իր իսկ որոշումը չեղարկելու Ազգային ժողովի իրավասությունը, ավելին, ինչպես նշված է Եվրախորհրդի հաղորդագրությունում, ընդունում է, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) կազմավորման վերաբերյալ 2015 թվականի Սահմանադրության դրույթների լիարժեք իրականացման նպատակը լեգիտիմ է: Այդ նպատակը դատավորների պաշտոնավարման անվտանգության և նրանց անկախության հետ համաձայնեցնելու նպատակով, Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է, որպեսզի ՍԴ դատավորները, ում պաշտոնավարման 12 տարին դեռ չի լրացել, մնան իրենց պաշտոնում մինչև այդ ժամկետի լրանալը, իսկ դատավորները, ում պաշտոնավարման 12 տարին արդեն լրացել է, մինչև փոխարինվելը պաշտոնավարեն նոր անցումային ժամկետով, որի տևողությունը պետք է որոշեն հայաստանյան իշխանությունները: Հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ իր կարծիքի ընդունման օրն իսկ Ազգային ժողով ներկայացված փոփոխություններում նման անցումային ժամկետ սահմանված չէ:
«Հրավիրում եմ բոլոր իշխանություններին՝ առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկներով, հաղթահարելու համար սահմանադրական ճգնաժամը 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների սահուն կիրառմամբ և Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան», - հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծման նպատակով Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին հարցեր էին ուղղել անցած ամիս: Արդարադատության նախարարությունն այսօր հայտնեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել առաջադրված երեք հարցերի առնչությամբ: «Վերջին պահին Հանձնաժողովի կարծիքում լրացվել է մի պարբերություն, որում Հանձնաժողովն անդրադարձել է Ազգային ժողովի պատգամավորների կողմից նույն օրը շրջանառված սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ ափսոսանք հայտնելով Կարծիքի առաջարկություններին անհամապատասխանության մասին», - ասված է նախարարության հաղորդագրությունում: