Մատչելիության հղումներ

Ալումյան․ Սահմանադրական փոփոխությունների միակ նպատակը ամեն գնով Քոչարյանին պատասխանատվության ենթարկելն է


Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը վստահ է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի նպատակ է հետապնդում՝ անել ամեն ինչ, որ ՍԴ ներկա կազմով չքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը:

«Նոր չի դա սկսվել, որպեսզի մինչև այդ գործով վերջնական որոշում կայացվելը Սահմանադրական դատարանը որպես այդպիսին գոյություն չունենա», - հայտարարեց Ալումյանը:

Ազգային ժողովը երեկ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես Բարձր դատարանի նախագահ, բայց կմնա ՍԴ անդամ։ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները կուղարկվեն թոշակի։

Նշենք, որ երեկ Սահմանադրական դատարանի նիստում որոշվել է հուլիսի 7-ին սկսել երկրորդ նախագահի դիմումի հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը։ Այս հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիք է հայտնել Վենետիկի հանձնաժողովը, որը հայցել էր հենց Հայաստանի սահմանադրական դատարանը: Հիշեցնենք, որ հենց այս հոդվածով է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում Ռոբերտ Քոչարյանը։

Փաստաբան Ալումյանն այս երկու իրադարձությունների միջև հստակ կապ է տեսնում. – «Մի քրեական գործով մի հոգու ամեն գնով պատասխանատվության ենթարկելու նպատակով պետական ինստիտուտների նկատմամբ էսպիսի ոտնձգություններ են տեղի ունենում»:

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պնդում էին, որ այս գործը ՍԴ մտնելուն պես ամբողջությամբ կփլվի, քանի որ, նրանց պնդմամբ, իրենց պաշտպանյալին մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական է։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը վստահ է, որ Սահմանադրական դատարանը այդպիսի դիրքորոշում հայտնելու հիմքեր չունի. – «Սահմանադրական դատարանն այդպիսի հիմքեր չի ստացել նաև Եվրոպական դատարանից և Վենետիկի հանձնաժողովից ակնկալած և ստացած խորհրդատվական կարծիքների մեջ, որոնցում որևէ դրույթ չկա այն մասին, որ մեղսագրվող հանցագործությունը սահմանող դրույթները իրավական որոշակիություն չունեն»:

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը կարևորում է Սահմանադրական դատարանի որոշումը այս հարցում: Փաստաբանը միևնույն ժամանակ վստահ է, որ ներկայիս կազմվոց ՍԴ-ն ունի հստակ դիրքորոշում. – «Այլ կազմը մեզ առնվազն հույս է տալու ունենալ անկախության, անկողմնակալության և անաչառության բարձր ստանդարտներին համապատասխանող կազմի»:

Ռոբերտ Քոչարյանի և երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների` Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դատական նիստը թվում էր, թե այսօր արդեն պետք է առնչվեր բուն գործին, չձգձգվեր միջնորդություններով: Չորս ամբաստանյալները ներկա էին, այդուհանդերձ նիստն այսօր ևս հետաձգվեց պաշտպաններից մեկի բացակայության պատճառով:

Մեղադրող դատախազը հասցրեց միջնորդություն ներկայացնել` պահանջելով, որ դատարանը սահմանափակի դատական նիստի նախապատրաստական մասը:

Գևորգ Բաղդասարյանը պնդեց, թե առկա է իրավունքի չարաշահում. – «Անցնել դատաքննության` հնարավորություն տալով մեղադրողներին հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը»:

Համբերության գիծը հատված է. տուժողների շահերի պաշտպան Տիգրան Եգորյանն է կիսում դատախազի կարծիքը. – «Դատարանը պետք է ձեռնարկի բավական խիստ միջոցներ այդ իրավունքները այնպիսի պատշաճությամբ և ազնվությամբ կատարելու կապակցությամբ, որոնք չխաթարեն դատական պրոցեսի անընդհատությունը»:

Մեկ տարուց ավելի ընթացող այս դատավարությունը ձգձելու մեջ կողմերը միմյանց են մեղադրում։ Քոչարյանի փաստաբանները բազմիցս ասել են, թե հենց դատաքննության փուլում կպարզվի, որ գործը ջուր է։

Այսօր էլ Հայկ Ալումյանը նախքան նիստի մեկնարկը նորից շեշտեց. – «Էնպիսի մի բան չկա, որ մենք ցանկություն ունենանք թաքցնել»:

Արդեն նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հակադարձեց՝ չի եղել մի դատական նիստ, որին դատախազությունը ներկայացած չլինի, մինչդեռ պաշտպանական կողմը նույնաբովաանդական միջնորդություններով մեկ շահ է հետապնդում՝ ձգձել գործը. – «Երբ որ մենք կմտնենք դատաքննության, կտեսնենք ինչն է ջուր և ինչն է ջախջախվում: Այս դեպքում իրենց շահը դատական նիստը ձգձգելն է, դատաքննության անցնելը բացառելը, ապացույցների հետազոտումը բացառելը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG