Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կոչ է արել Հայաստանի իշխանություններին երկրում սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու գործում առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներով և 2015 թվականի Սահմանադրության համապատասխան հոդվածների մեղմ կիրարկման միջոցով, Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան։
Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջում այսօր տեղադրված գլխավոր քարտուղարի հայտարարությունում, մասնավորապես ասված է. «Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է, որ այն դատավորները, ում տասներկուամյա պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել, շարունակեն պաշտոնավարել մինչև այդ ժամկետի ավարտը, իսկ այն դատավորները, որոնք արդեն իսկ տասներկու տարի պաշտոնավարել են, մինչ փոխարինվելը, պետք է կարողանան օգտվել նոր անցումային ժամանակահատվածից, որի տևողությունը պետք է որոշեն հայաստանյան իշխանությունները։ Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ անցումային նման ժամանակահատված չնախատեսող փոփոխությունները [Հայաստանի] Ազգային ժողովի օրակարգում են հայտնվել նույն օրը, ինչ ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»։
Այսօր հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Հայաստանի իշխանությունների կողմից բարձրացված երեք իրավական հարցերի մասին, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարմանը։ Ինչպես նշված է փաստաթղթում, հանձնաժողովը ճանաչում է Հայաստանի իշխանությունների ցանկության օրինականությունը` ապահովել, որ Սահմանադրական դատարանի կազմը ողջամիտ ժամկետում համապատասխանի ներկայիս Սահմանադրության դրույթներին, որոնք երաշխավորում են դատարանի անկախության բարձր չափանիշներ և Սահմանադրական դատարանի դատավորների հավասար կարգավիճակ։ Ինչպես նաև հանձնաժողովը գտնում է, որ 2015թ. սահմանադրական փոփոխությունների ընդունման և դրանց վերջնական կիրարկման միջև ընկած ժամանակահատվածը անսովոր երկար է և կհետաձգի դրական արդյունքների ստացումը, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանի անկախությանը։
Սակայն, միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ Սահմանադրական դատարանի կազմի նորացման համար պետք է նախատեսել անցումային ժամանակաշրջան, որը թույլ կտա աստիճանաբար փոխել դատարանի կազմը՝ այդ ինստիտուտի անկախությունը վտանգող կտրուկ և անհապաղ փոփոխություններից խուսափելու համար: Նույն՝ աստիճանական փոփոխության սկզբունքը հարկ է կիրառել նաև Սահմանադրական դատարանի նախագահի դեպքում։
Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին. – «Նախ արձանագրենք, որ Վենետիկի հանձնաժողովը Կառավարության կողմից առաջարկված փոփոխության մոդելը և 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների իրագործումը համարել է ընդունելի: Մեր դեպքում խնդիրը ծագել էր նրանից, որ 2015 թվականի Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի համար նախատեսված մոդելը, չափից երկար անցումային ժամանակահատվածի ուժով, ըստ էության իր չիք էր դարձվել դրա իրականացումը: Խոսքը նրա մասին է, որ ըստ էության էդ մոդելի իրագործմանը 17 տարուց էլ ավել ժամկետ էր մնում, այսինքն` 2015 թվականի Սահմանադրությունը, որն ուժի մեջ էր 2018 թվականից, մի բան էլ դեռ էլի պետք էր սպասել, մինչև որ դա իրագործվեր: Եվ ըստ էության, հայկական կոնտեքստի իրավիճակը բերում է նաև նրան, որ մենք ունեցել ենք այս բացառիկ երկար անցումային ժամանակահատվածը: Սա մեկ արձանագրում: Եվ երկրորդը, եթե նայենք ինչ մեթոդ է առաջարկում Վենետիկի հանձնաժողովը, այնինքն` անցումային ժամանակահատվածի ինչպիսի տևողության մասին է խոսքը, կտեսնենք, որ կունենք այնպիսի իրավիճակ, որ այս պահին անցումային ժամանակահատված սահմանելով 12 տարին արդեն պաշտոնավարած դատավորների համար, մենք կունենանք իրավիճակ, որ էդ դատավորները առավել երկար կպաշտոնավարեն, քան նրանք, ովքեր սահմանափակված են այսուհետ 12 տարվա ժամկետով: Ինչը բերում է մի իրավիճակի, որ նույն դատարանում դատավորները կունենան կարգավիճակային այն տարբերությունը, ինչ նաև քննադատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից հենց այս կարծիքում»:
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովն այսօր 88 կողմով առաջին ընթերցմամբ ընդունեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծն, ըստ որի առաջարկվում է դադարեցնել տասներկու տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները և թափուր տեղերը լրացնելուց հետո կազմակերպել դատավորների կողմից Սահմանադրական դատարանի նախագահի ընտրություն: Այդպիսով կդադարեցվի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը: