Մատչելիության հղումներ

«Մեր խախտված իրավունքները վերականգնելու համար քայլեր կարվեն». ՍԴ անդամ Հրանտ Նազարյան


Սահմանադրական դատարանի անդամ Հրանտ Նազարյան, արխիվ
Սահմանադրական դատարանի անդամ Հրանտ Նազարյան, արխիվ

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի կարգավիճակում Հրայր Թովմասյանի պաշտոնավարման վերջին շաբաթն է։ Այս ուրբաթ Թովմասյանը օրենքի ուժով պետք է ազատի նախագահի աշխատասենյակը, իսկ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը լքեն Սահմանադրական դատարանը, «Ազատության» հետ զրույցում հայտնեց արդարադատության նախարարը։

Ըստ Ռուստամ Բադասյանի՝ այս ժամկետում կհեռանան, եթե Ազգային ժողովի նախագահը վաղը հրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը ուժի մեջ կմտնի հաջորդ օրը. - «Սահմանադրական դատարանի 3 դատավորների լիազորությունները ենթակա են դադարեցման, այսինքն` դադարեցվում են Սահմանադրության ուժով, և վերջիններս այլևս չեն ունենա Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակ, հետևաբար ըստ այդմ պետք է շարժվել առաջ, որ այո, Սահմանադրական դատարանի նախագահն այլևս չի կարող լինել Սահմանադրական դատարանի նախագահ և օգտվել Սահմանադրական դատարանի նախագահի համար սահմանված լիազորություններից»:

Սահմանադրական դատարանի դատավորները, բացառությամբ դատավորներ Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի այսօր հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ։ «Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։ Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը», - ասված է հայտարարության մեջ:

Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության գլխավոր ինտրիգն այս պահին Հրայր Թովմասյանի ճակատագիրն է։ Դատավորի կարգավիճակում կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ կհեռանա։ Լրագրողների այս հարցին Թովմասյանը երեկ հստակ չպատասխանեց։ Ասաց՝ որպես Սահմանադրության համահեղինակ՝ Ազգային ժողովում տեղի ունեցած գործընթացի համար ամաչում է։

Ալվինա Գյուլումյանն ու Ֆելիքս Թոխյանը հստակ հայտարարեցին՝ իրենց իրավունքները խախտվել են, և պայքարելու են դրանք վերականգնելու համար։

«Ազատությանը» հաջողվեց այսօր լսել նաև հեռացող Հրանտ Նազարյանին։ 90-ականներից պաշտոնավարող Նազարյանը ևս համարում է, որ իր լիազորությունները դադարեցվում են իրավունքների խախտմամբ։ «Իհարկե, արվելու են համարժեք քայլեր մեր ակնհայտ խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Չմանրանանք, թե որ իրավունքն է խախտվել, որ դեպքում է խախտվել, ես ասացի` սուբյեկտիվ իրավունքը և դատավորի անկախության չափանիշներն են խախտվել, որոնք Միավորված Ազգերի Կազմակերպության շրջանակներում են, և Եվրոպայի խորհրդի շրջանակներում ընդունված դատավորի անկախության չափանիշները, այսինքն` բազմաթիվ են դրանք», - ասաց նա:

Շուրջ քառորդ դար պաշտոնավարած Հրանտ Նազարյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթն ընդունվել է աղաղակող խախտումներով։ Օրենսդիր մարմինը ոտնձգություն է կատարել սահմանադրական ինստիտուտի նկատմամբ. - «Օրենքն ընդունվել է օրենքի ընդունման ընթացակարգի պարզապես խախտումով, բազմաթիվ խախտումներով: Ուղղակի քաղաքական գործընթաց է տեղի ունեցել իրավունքից դուրս, և ունենք այն, ինչ որ ունենք: Հիմա թե ինչպես իրավունքի ոլորտ կբերվի դա, արդեն ժամանակի հարց է, և միջոցներն էլ կընտրվեն համարժեք, ինչպես արվի, և ես վստահեցնում եմ, որ ամեն ինչ կարվի օրենքի շրջանակներում, իրավունքի շրջանակներում, այն, ինչ հարիր է 21-րդ դարին»:

Ալվինա Գյուլումյանը դժվարացավ ասել՝ իրերը երբ կհավաքի, ընթացակարգից տեղյակ չէ։ Հրանտ Նազարյանը իրեր հավաքելը վիրավորական համարեց, տեխնիկական հարց է, կարևորը, ըստ նրա, խախտված իրավունքների հետքերով գնալն է. - «Հարցեր կան, որոնք շատ ավելի կարևոր են, քան թե իմ հեռանալ-չհեռանալը: Իմ հեռանալը կարող է լինել զուտ ասենք ինչ-որ տեխնիկական մի գործողություն, ոչ ավել, եթե լինի: Բայց դա չէ խնդիրը, հիմա շատ ավելի կարևոր է, թե ինչ արժեքներ են ոտնահարվել իրավական, ժողովրդավարական, իմ և անձնական սուբյեկտիվ և նաև ինստիտուտի իրավունքներն են խախտվել: Ոտնահարվել է ոչ միայն իմ իրավունքը, այլև ինստիտուտի ընդհանրապես, Սահմանադրական ինստիտուտի նկատմամբ լուրջ ոտնձգություններ են կատարվել»:

Ուրբաթ ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է։ Այս փոփոխությունների արդյունքում նախկին Սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։

Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը, ըստ գործող Սահմանադրության, լրանում է 10 տարի անց։ Այս փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ կազմում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն։ Իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես մինչև ամբողջ կազմը համալրելը և այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։ Սահմանադրական դատարանի այս փոփոխությունները չեն վերաբերում գործող Սահմանադրությամբ ընտրված դատավորներ Արման Դիլանյանին ու Վահե Գրիգորյանին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG