Մատչելիության հղումներ

Սահմանադրական ճգնաժամը լուծող կիսաքայլ. գնահատականներ ընդունված նախագծին


Սահմանադրական ճգնաժամը լուծող կիսաքայլ, այսպես է Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը մեկնաբանում Ազգային ժողովում այսօր ընդունված Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորությունները։

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյան, 22-ը հունիսի, 2020թ,
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյան, 22-ը հունիսի, 2020թ,

Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հիշեցնում է՝ զգուշացնում էին, որ այս հարցով պետք էր զբաղվել հեղափոխությունից անմիջապես հետո։

«Կոնգրեսն իր ափսոսանքն է հայտնում, որ իշխանությունը չանսաց քաղաքական ուժերի և հասարակական գործիչների բազմաթիվ կոչերին և չլուծեց կարևորագույն այս խնդիրը մեկ տարի առաջ: Ի վերջո դանդաղկոտությունն ու այս հարցում վճռականության պակասն անհարկի բարդությունների պատճառ դարձան: Սա տեսնում ենք մենք հիմա, մենք սրա մասին զգուշացրել ենք, ասել ենք, բայց, ցավոք սրտի, ոչ մի բան այն ժամանակ չարվեց, հիմա սա են անում: Սա համարում ենք կիսատ-պռատ լուծում», - նշեց Զուրաբյանը:

Դատական համակարգն արդեն վերափոխված կլիներ, քաղաքական համակարգն էլ ավելի առողջ, կարծում է Լևոն Զուրաբյանը, եթե Սահմանադրական դատարանի ճգնաժամը մեկ տարի առաջ լուծված լիներ։

«Ոչ մի գործ առաջ չի գնում: Մենք սենց վիճակի մեջ չէինք լինի, գիտե՞ք ինչն է խնդիրը, հիմա էլ կորոնավիրուսի այս ճգնաժամը եկավ, որն ավելի է վատացնում խնդիրները, որովհետև դա արդեն բերում է սոցիալ-տնտեսական խնդիրների, իշխանության վարկանիշի անկմանը: Պարզվում է, որ ժամանակին էդ քայլերը չանելը շատ մեծ գին նստեց», - ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը:

Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանի անդամ դատավորներից 3-ի հեռանալուց ու նոր դատավորների ընտրվելուց հետո, եթե բարձր դատարանում փոխվի մթնոլորտը, Զուրաբյանը կհամարի, որ խնդիրը լուծված է։

«Խնդիրը ո՞րն է, մենք ունենք ոչ լեգիտիմ Սահմանադրական դատարան, որը սպասարկում է շատ կոնկրետ մաֆիոզ կապիտալի շահերը, որը երազում է, ամեն օր արթնանում է այդ երազով, որ պետք է վերադառնա իշխանության, կամ գոնե փակի իրենց թալանած կապիտալների վերադարձի ճանապարհը դեպի ժողովուրդ, Սահմանադրական դատարանն էլ դրանց սպասարկող մարմին է: Հիմա, եթե այդ խնդիրը լուծվի, այդ դեպքում կարելի է համարել, որ գոնե խնդիրը լուծված է», - ասաց Լևոն Զուրաբյանը:

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյան, 22-ը հունիսի, 2020թ.
«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյան, 22-ը հունիսի, 2020թ.

Այն, որ Սահմանադրականի դատարանի ներկայիս կազմը պետք է փոխվի, միանշանակ է, ասում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը, սակայն, ըստ նրա, իրենց կուսակցությանն ավելի շատ հետաքրքրում է հաջորդ քայլը՝ ի՞նչ կազմ է ունենալու բարձր դատարանը փոփոխություններից հետո։

«Թե ինչ երկրում ենք ապրելու և ինչ ինստիտուտներ են այնտեղ գործելու: Սա է ինձ համար կարևորը, սրա վերաբերյալ որևէ երաշխիք, որևէ նորմալ փաստարկ կառավարող ուժը չի հնչեցնում: Բայց այնուամենայնիվ ես այս լուծման մեջ էլ կիսալուծում եմ տեսնում, ինչո՞ւ, որովհետև խոսքը գնում էր 7 անդամ դատավորների մասին, այս նախագծով տեսանելի ապագայում լուծվելու է ընդամենը 3 անդամ դատավորների պաշտոնավարման հարցը», - ասաց ՔՈ գործադիր մարմնի անդամը:

Նահապետյանը նկատում է, որ ավելի քան 12 տարի աշխատած 3 դատավոր անդամների հեռանալուց հետո Սահմանադրական դատարանում միևնույնն է 9 անդամներից 4-ը լինելու են մարդիկ, որոնք նախկինում ուղղակի կամ անուղղակի կերպով սատարել են ընտրակեղծիքներին ու քաղաքական արատավոր այլ գործընթացների։ Նահապետյանին հիշեցրինք, որ անգամ 3 դատավորներին հեռացնելու փորձը Վենետիկի հանձնաժողովի կողմից արժանացավ ոչ միանշանական գնահատականի:

«Դրա մասին կասեմ այն, որ չկա աշխարհի որևէ երկրի, որը նախաձեռնել է ռեֆորմներ, որոնք հետո հաջողվել են, բայց ի սկզբանե միջազգային կառույցների աջակցությանն է արժանացել գոնե այս տեսակ իրավական կառույցների: Բոլոր այդպիսի երկրները, որոնք արմատական ռեֆորմներ են նախաձեռնել, ի սկզբանե հանդիպել են այդ կառույցների մտավախությանը և քննադատությանը», - ասաց Միքայել Նահապետյանը:

XS
SM
MD
LG