Մատչելիության հղումներ

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը


Վահագն Հովակիմյանը («Իմ քայլը») Ազգային ժողովի նիստում ներկայացնում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, 22-ը հունիսի, 2020թ․
Վահագն Հովակիմյանը («Իմ քայլը») Ազգային ժողովի նիստում ներկայացնում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, 22-ը հունիսի, 2020թ․

Ազգային ժողովը երկուշաբթի երեկոյան 89 կողմ ձայներով, առանց դեմի և ձեռնպահի, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Երկու ընթերցումների քննարկումը կազմակերպվեց նույն օրը՝ արտակարգ ռեժիմով: Քվեարկված փոփոխությունները ենթադրում են, որ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների լիազորությունները, և թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։

Այսպիսով, Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, բայց կմնա ՍԴ անդամ։ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը, կուղարկվեն թոշակի։

Արդարադատության նախարար, հարակից զեկուցող Ռուստամ Բադասյանը խոսեց նախագծին դեմ արտահայտվողների մասին. «Ի՞նչ են ուզում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ անկախ, չկոռումպացված դատական համակարգ: Եկեք արձանագրենք՝ ովքեր են դիմադրում այս գործընթացին՝ նախկին կոռումպացված համակարգի շահառուները: Ասվածը հավասարապես վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պրոցեսին, ասվածը հավասարապես վերաբերում է նաև նոր Սահմանադրության ընդունմանը: Ընդ որում, եթե արձանագրվի, որ դրա անհրաժեշտությունը կա, է'լ ավելի արդյունավետ գործիքներ կներդրվեն դատական իշխանության բարեփոխումների համար նաև նոր Սահմանադրության մեջ: Մենք պարտավոր ենք ՀՀ քաղաքացիներին տալ այն դատական համակարգը, որին վերջիններս արժանի են: Իսկ կոռումպացված շրջանակներին, տեղ-տեղ նաև հակապետական տարրերին, որոնք կրկին անցել են սպառնալիքների լեզվին, ուղղակի պետք է զգուշացնել, որ չդիմադրեն, որովհետև արդեն պատմական փաստ է՝ ՀՀ քաղաքացիների հետ դա չի անցնում»:

Մինչ սահմանադրական փոփոխությունների նախագիծը քվեարկելը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, խորհրդարանը քվեարկության դրեց նախագծի վերաբերյալ կարծիք ստանալու համար ՍԴ դիմելու հարցը: 88 դեմ ձայնով որոշվեց նախագիծը բարձր դատարան չուղարկել։

«Ըստ էության, այս փոփոխությունը, որը առաջարկվում է 213-րդ հոդվածի նոր խմբագրությամբ, տարածվում է Սահմանադրական դատարանի յոթ անդամների վրա: Այսինքն՝ Սահմանադրական դատարանի յոթ անդամները այս դեպքում արդեն սուբյեկտիվ կողմեր են, և իրենք ուղղակի զրկված են օբյեկտիվ որոշում կայացնելու հնարավորությունից: Եվ ես կոչ եմ անում, որպեսզի մենք դեմ քվեարկենք Սահմանադրական դատարան ուղարկելու մասին որոշմանը», - ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ ԱԺ կանոնակարգ օրենքը չի հստակեցնում, թե ինչ պետք է անել, եթե ԱԺ-ը չի ընդունում նախագիծը ՍԴ ուղարկելու որոշումը, ապա առաջարկեց քվեարկության դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: ԱԺ նախագահն առաջարկն ընդունեց:

«Ըստ էության, ինչպես սովորաբար նման դեպքերում, մենք պետք է շարժվենք առաջ՝ նախադեպ գուցե ստեղծելով: Առավոտից մենք քննարկում ենք այս հարցը, և կարծես թե այս քիչ առաջ հնչած մեկնաբանությանը հակառակ կարծիք չհնչեց մեր գործընկեր պատգամավորներից որևէ մեկի կողմից: Ըստ այդմ, մենք կշարժվենք առաջ և երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կկազմակերպենք», - ասաց Արարատ Միրզոյանը:

Նիստի ավարտից անմիջապես հետո Միրզոյանը տեղեկացրեց, որ պատգամավորները ևս մեկ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ են հանդես եկել: Օրակարգում դարձյալ մեկ հարց էր, որն առաջին ընթերցմամբ ընդունել էին դեռ նախորդ շաբաթ:

Արտահերթ նիստով երկրորդ ընթերցման ընթացքում «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանն ընդամենը մեկ փոփոխություն առաջարկեց, որը վերաբերում էր հանրապետության նախագահի լիազորություններին: Մասնավորապես՝ փոփոխությունը հնարավորություն է տալիս ԱԺ-ում ընդունված սահմանադրական փոփոխությունները առանց նախագահի ստորագրության ուղարկելու ընդունված համարել։ Այս հարցը ևս ընդունվեց միաձայն՝ 89 կողմ ձայնով:

«Այս նախաձեռնության այդ հատվածը ինտենսիվորեն քննարկվել է նախագահի և նրա աշխատակազմի հետ, ավելին ասեմ՝ հենց այնտեղից են մեզ գործընկերաբար մատնանշել բացը և առաջարկել են շտկել այս օրենսդրական բացը և հստակ կարգավորում մտցնել, ինչը անում ենք, այնպես որ խնդրում եմ զանազան ապատեղեկատվության չտրվել», - նշեց Միրզոյանը:

Այս հարցերի քննարկումը և քվեարկությունը կազմակերպվեց առանց ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններ: Ընդդիմադիրները բոյկոտեցին նիստը, քանի որ բազմաթիվ վերապահումներ ունեին նախագծի սահմանադրականության վերաբերյալ:

XS
SM
MD
LG