Մատչելիության հղումներ

ՍԴ 7 անդամները հորդորում են իշխանության մարմիններին առաջնորդվել Սահմանադրությամբ


Սահմանադրական դատարանի (ՍԴ) ինը անդամներից 7-ը, այդ թվում` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իրենց մտահոգությունն են հայտնել բարձր դատարանին առնչվող վերջին իրադարձությունների վերաբերյալ:

«Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ», - ասված է հայտարարության մեջ, որը Հրայր Թովմասյանից բացի, ստորագրել են Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Արաիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը և Արևիկ Պետրոսյանը: Չեն ստորագրել Արման Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը:

Հայտարարությամբ նրանք նաև հայտնում են, որ Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները «բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը»։

Հիշեցնենք, որ ուրբաթ ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է։ Այս փոփոխությունների արդյունքում նախկին Սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը, ըստ գործող Սահմանադրության, լրանում է 10 տարի անց։ Այս փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ կազմում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն։ Իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես մինչև ամբողջ կազմը համալրելը և այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։ Բարձր դատարանի կազմում գործող Սահմանադրությամբ ընտրված է 2 դատավոր` Արման Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը:

XS
SM
MD
LG