«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Խոստովանեմ, որ զանգվածային միջոցառումները ինձ դուր չեն գալիս: Մարդը ունակ է մտածել միայն անհատապես, անձնապես: Կոլեկտիվ մտածողություն գոյություն չունի: Մյուս կողմից ես հասկանում եմ` եթե չլինեին 88-ի հանրահավաքները, ընդհանրապես այդ Շարժումը, մեր ժողովուրդը չէր կարողանա ազատագրել Ղարաբաղը: Իշխանության կմնար թուլակամ, ճարպակալած, անգաղափար, կոռումպացված կոմունիստական նոմենկլատուրան (անշուշտ, նա կփոխեր իր գույնը), որը չէր կարողանա կազմակերպել ինքնապաշտպանությունը: Ավելի քան 20 տարի առաջ իշխանության եկած նոր վերնախավը ժամանակի ընթացքում դարձավ ճիշտ նույնպիսին, ինչպիսին կոմունիստականն էր, եւ եթե հիմա հանրահավաքներ չլինեն, ներկայիս իշխանությունը էլ ավելի կհղփանա, կլճանա, որի հետեւանքով թե մեր պետությանը եւ թե Ղարաբաղին սպառնալու են նույն վտանգները: Կա՞ն, արդյոք, հանրահավաքներից բացի այլ մեխանիզմներ` պետությունը «ֆորմի մեջ» պահելու համար: Վստահ եմ, որ կան: Կարելի է, օրինակ, ունենալ քիչ թե շատ նորմալ խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն քաղաքական ուժերը, ոչ թե «տանիք» փնտրող անգրագետ «գործարարները»: Բայց ազգը կազմակերպելու այս` հանրահավաքներից շատ ավելի անվտանգ եւ քաղաքակիրթ ձեւը Հայաստանում չի կայացել` նաեւ այսօրվա հանրահավաքային առաջնորդների մեղքով»: