Մատչելիության հղումներ

Մարտի 23-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է.- «Այս վերջին ընտրություններում know-how-ն այն էր, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը գտել է լրագրողներին ընտրական տեղամասերից հեռացնելու միանգամայն հիմնավոր պատճառ: Պարզվում է, տեսախցիկները նյարդայնացնում են ընտրողներին եւ խանգարում են քաղաքացիական պարտքը կատարել: Եվ դա, ընդհանուր առմամբ, ճիշտ է, միայն թե «ընտրողներ» բառի փոխարեն պետք է կիրառել «իշխանություն» եզրը: Դա հիմնավոր բացատրություն է, եւ այն արժե մեկնաբանել ավելի լայն: Հենց այդ նյարդայնության պատճառով է օրենք ընդունվել, ըստ որի` ամեն մարդ, երբ խելքին փչի, կարո է «վիրավորվել» թերթից եւ նրանից երկու միլիոն դրամ պահանջել: Մինչդեռ հայտնի է, որ ցանկության դեպքում ոչ միայն թերթի հրապարակման մեջ, այլեւ ցանկացած տեքստում (ասենք, Պերճ Պռոշյանի «Հացի խնդիրը» վեպում) կարելի է գործարար համբավը արատավորող արտահայտություններ գտնել` Երկրագնդի յուրաքանչյուր բնակչի հասցեին: «Նյարդայնացած» դատավորներն էլ ոչ միայն ընդունում են այդ անհեթեթ հայցերը, այլեւ ընդդեմ թերթերի որոշումներ են ընդունում:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլերի մեջ կարելի է հարյուրավոր վրիպումներ ու թերություններ գտնել, որոնք քաղաքական գործչի համար կարող էին կործանարար լինել: Նույն Ղարաբաղի հարցում նրա այն ժամանակվա եւ այսօրվա դիրքորոշումը: 10 եւ ավելի տարի իր համախոհներին անտեր ու անգլուխ թողնելը, նրանց համախմբմանն ու ինքնակազմակերպմանը խանգարելը: Հավատարիմ զինակիցներին չգնահատելն ու իրենից վանելը: Սակայն այդ բոլորը մեր հասարակությունը ներեց, մարսեց, հաշտվեց, չնկատեց: Իսկ այ մի փոքրիկ քայլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին չբարեւելը, իսկական փոթորիկ առաջացրեց մի բաժակ ջրում: Երբ այս բոլորից փորձում ես վերացարկվել եւ հասկանալ ժողովրդական վերաբերմունքի պատճառները, հասարակական կարծիքի ձեւավորման սկզբունքները, մի եզրահանգման ես գալիս. մեր հասարակությունը քաղաքական համակարգային չափորոշիչներով չի առաջնորդվում, այլ մարդկային տարրական արժեքներով՝ բարության, կարեկցանքի, ազնվության, հավատարմության»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանում նկատելի են երկբեւեռ ստատուս քվոյի դրսեւորման եւ կայացման լուրջ միտումներ, որոնք էլ հենց արգելք են հանդիսանալու առաջիկա ընտրական փուլում Ռոբերտ Քոչարյանի անուղղակի, բայց նշանակալից ներգրավվածության համար: Քոչարյանի հետ կապվող հիմնական ուժը` «Բարգավաճ Հայաստանը», կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո կարծես թե այլեւս գոյություն չունի: Քոչարյանի հետ կապվող մյուս ուժը` Դաշնակցությունը, հայտնվել է, ըստ էության, ցայտնոտի մեջ: Կոնգրեսը չգնալով հեղափոխական քայլերի, ընտրելով ռադիկալ տրամադրությունները զսպելու եւ իշխանության հետ շախմատ խաղալու տարբերակը` փաստացի Դաշնակցությանը զրկեց «կառուցողական ընդդիմության» նիշից, որ փորձում էին խաղարկել Կոնգրեսին ներկայացնելով արմատական ընդդիմություն: Դաշնակցությունն ընտրական առաջիկա փուլից առաջ կանգնած է իդենտիֆիկացիոն լուրջ խնդրի առաջ եւ պետք է գտնի որեւէ նոր նիշ, քանի որ Կոնգրեսը կարծես թե ընտրել է ռադիկալության եւ կոմպրոմիսների մի ոսկե միջին տարբերակ` Դաշնակցության ճանապարհը փակելով թե՛ այստեղ, թե՛ այնտեղ: Այդ պարագայում Դաշնակցությունը հազիվ իր հարցերը փորձի լուծել, ուր մնաց Ռոբերտ Քոչարյանի»:

«Երկիր»-ը գրում է. - «Իշխանության եւ արմատական ընդդիմության հարաբերություններում ստեղծված նոր իրավիճակը ներքին պայմանավորվածությունների արդյունք է, թե ոչ, ակնհայտ է, որ նրանց վարքագիծը հիմա խիստ ներդաշնակ է: Դա պայմանավորված է ստերոոտիպային-հոգեբանական եւ պրագմատիկ-քաղաքական մի քանի գործոններով: Թե գործող իշխանությունը, թե արմատական ընդդիմությունը ամբողջատիրական իշխանության ջատագով են: Գործող իշխանությունը դա անում է իրեն սպասարկող քաղաքական ուժերին կոալիցիոն հուշագիր պարտադրելով, ՀԱԿ-ը`իրենից դուրս այլ ընդդիմադիր ուժերի գոյությունը չհանդուրժելով, ընդդիմադիր դաշտում միահեծան հեգեմոնիա հաստատելու փորձերով: Սակայն երկու դեպքում էլ արդյունքը նույնն է`մի կողմից իշխանության, մյուս կողմից` ՀԱԿ-ի շուրջ համախմբած քաղաքական ուժերի կատարյալ դիմազրկում ու քաղաքական դաշտից նրանց փաստացի հեռացում: Առաջին հայացքից դա պետք է հանգեցնի այս երկուսի միջեւ մրցակցության սրման: Սակայն խնդիրն այն է, որ մեկը մյուսի տիրույթն անցնելու նպատակ այս պահին չի հետապնդում»:

«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանը գրում է. - «Երեկ Տիգրան Սարգսյանը գյուղնախարար Սերգո Կարապետյանին իր հետ վերցրել ու տարել էր Արագածոտնի Ավան համայնք: Եթե մեր գյուղի վիճակը այնքան տխուր չլիներ, որքան հիմա է, կարելի էր այս այցի հիման վրա մի իսկական կատակերգություն գրել, մասնավորապես այն մասին, թե ինչպես է վարչապետը գյուղացուն սովորեցնում կով կթել` սկզբում պտուկները գոլ ջրով լվանալ, հետո մաքուր սրբիչով սրբել…: Երեւի մեր վարչապետին թվում է, թե այդպես միայն Բրյուսելում են եվրոկովերին կթում, իսկ մեր գյուղացիները դրա մասին չգիտեն, որովհետեւ Բրյուսելում չեն եղել: Բայց իրավիճակը ամենեւին էլ չի տրամադրում հումորների, մանավանդ, երբ խոսքը մեր գյուղի ու գյուղացու մասին է»:

please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG