Մատչելիության հղումներ

Մարտի 19-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Խոստովանեմ, որ զանգվածային միջոցառումները ինձ դուր չեն գալիս: Մարդը ունակ է մտածել միայն անհատապես, անձնապես: Կոլեկտիվ մտածողություն գոյություն չունի: Մյուս կողմից ես հասկանում եմ` եթե չլինեին 88-ի հանրահավաքները, ընդհանրապես այդ Շարժումը, մեր ժողովուրդը չէր կարողանա ազատագրել Ղարաբաղը: Իշխանության կմնար թուլակամ, ճարպակալած, անգաղափար, կոռումպացված կոմունիստական նոմենկլատուրան (անշուշտ, նա կփոխեր իր գույնը), որը չէր կարողանա կազմակերպել ինքնապաշտպանությունը: Ավելի քան 20 տարի առաջ իշխանության եկած նոր վերնախավը ժամանակի ընթացքում դարձավ ճիշտ նույնպիսին, ինչպիսին կոմունիստականն էր, եւ եթե հիմա հանրահավաքներ չլինեն, ներկայիս իշխանությունը էլ ավելի կհղփանա, կլճանա, որի հետեւանքով թե մեր պետությանը եւ թե Ղարաբաղին սպառնալու են նույն վտանգները: Կա՞ն, արդյոք, հանրահավաքներից բացի այլ մեխանիզմներ` պետությունը «ֆորմի մեջ» պահելու համար: Վստահ եմ, որ կան: Կարելի է, օրինակ, ունենալ քիչ թե շատ նորմալ խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն քաղաքական ուժերը, ոչ թե «տանիք» փնտրող անգրագետ «գործարարները»: Բայց ազգը կազմակերպելու այս` հանրահավաքներից շատ ավելի անվտանգ եւ քաղաքակիրթ ձեւը Հայաստանում չի կայացել` նաեւ այսօրվա հանրահավաքային առաջնորդների մեղքով»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Այսպիսով, մարտի 17-ին Հայ ազգային կոնգրեսի անցկացրած հանրահավաքից, մասնավորապես դեպի Ազատության հրապարակ շարժվելուց հետո պարզ դարձավ, որ Հայաստանի քաղաքական զարգացումներում որոշակի առանցք է ուրվագծվում` ի դեմս իշխանության եւ ընդդիմության միջեւ խաղի նոր կանոնների: Ինչ խոսք, կանոնները դեռեւս հստակ չեն, ու ամենայն հավանականությամբ դրանք երբեք էլ հստակ չեն լինի` այն պարզ պատճառով, որ դրա համար անհրաժեշտ է երկխոսություն ոչ թե հաշվարկների լեզվով, այլ շատ պարզ ու հստակ բանակցության, երբ իշխանությունն ու ընդդիմությունը կնստեն միմյանց դեմ, կհստակեցնեն բանակցության օրակարգը եւ ըստ այդմ կփորձեն գտնել ելքեր պետության համար ծանրագույն իրավիճակից: Առայժմ այդպիսի իրողություն չկա: Կա միայն հեռահար երկխոսություն, երբ միմյանց դեմ նստողներ չկան, սակայն կան միմյանց լսողներ եւ լսածից հետեւություն անողներ»:

«Չորրորդ ինքիշխանություն»-ը գրում է. - «Կոնգրեսի հանրահավաքի առաջին («տղայական») արձագանքը չուշացավ: Երկրորդ էշելոնի հանրապետականները շտապեցին հայտարարել, թե իրենց օրակարգում կառավարության հրաժարականի հարց չկա, իրենք էլ շարունակում են բարեփոխումները, որոնք որեւէ մեկի ճնշմամբ պայմանավորված չեն: Հարցն այլ կերպ ձեւակերպենք: Սերժ Սարգսյանը գո՞հ է կառավարության գործունեությունից: Դատելով հրապարակային վերջին ելույթներից` խիստ դժգոհ է: Ասում է` «ա՛յ անբարոյականներ», էնքան ախմախ ձեւով եք աշխատում, որ ինչ ծրագիր իրականացնում եք` արդյունքները չեն երեւում, ասում է չեք կարողանում կանխել գնաճը, չեք կարողանում մարդկանց բացատրել, թե ինչով եք զբաղված, մարզերում ձեզ իշխանիկների պես եք պահում, եւ այլն: Ընդդիմությունն էլ ասում է` ա՛յ Սերժ Սարգսյան, շատ ճիշտ ես ասում, մենք էլ պահանջում ենք, ար այդ մարդկանց պաշտոնանկ անես, բա ինչո՞ւ չես անում: Անմիջապես որտեղից որտեղ հայտնվում է Գալուստ Սահակյանը, թե բա գիտե՞ք, օրակարգում կառավարության հրաժարականի հարց չկա: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ ե՛ւ ժողովուրդն է դժգոհ կառավարությունից, ե՛ւ Սերժ Սարգսյանը, բայց կառավարությունը համառությամբ շարունակում է «իրականացնել բարեփոխումների ծրագիրը»: Բայց նման բան հնարավոր չէ, հետեւաբար` կամ ժողովուրդն է կեղծում, կամ Սերժ Սարգսյանը»:

«Հայոց աշխարհ»-ի թղթակիցը հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանի հետ խոսել է ԵԽԽՎ համազեկուցողների` Պրեսկոտի եւ Ֆիշերի հետ հանդիպումների մասին: Մասնավորապես, թղթակիցը հարցնում է. - «Համազեկուցողները կոնկրետ «Ա1+»-ի հետ կապված ի՞նչ հարցադրումներ են արել, «պրետենզիաներ» ներկայացրե՞լ են «ի հեճուկս» ԵԽԽՎ բանաձեւերի եւ Եվրոպական դատարանի որոշման «Ա1+»-ին հեռարձակման արտոնագիր չտալու առնչությամբ»: Պատասխան. - «Ինչ վերաբերում է «Ա1+»-ի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշմանը, այստեղ որոշակի թյուրըմբռնում կա. մեզանում դա մեկնաբանում են որպես «Ա1+»-ին անհապաղ եթեր տրամադրելու «պահանջ», բայց այդ որոշմանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած մեկը գիտի, որ այնտեղ նման պահանջ չի դրված. ընդամենը նշված է, որ մերժման որոշումը պատշաճ կերպով հիմնավորված չէ, քանի որ դա նախատեսված չէր գործող օրենքով։ Սա էր պատճառը, որ 2010 թվականի ամռանը ընդունված օրենքի նոր խմբագրության մեջ ուղղակի ամրագրվեց, որ ՀՌԱՀ որոշումները պետք է ամրապնդված լինեն համապատասխան հիմնավորումներով»։

«Կապիտալ»-ը գրում է. - «Վրաստանը ցանկանում է ոչ միայն հայերին սովորեցնել նորմալ ճանապարհ կառուցել, այլեւ կրճատել Հայաստանից Բաթում հասնելու ճանապարհը։ Այս տարի «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան» վերակառուցելու է Գոդերձկի լեռնանցքի ավտոմոբիլային ճանապարհը, որով անցնում է Ախալցխա - Բաթում ճանապարհը։ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին ասում է, որ վերակառուցվելու է նաեւ դեպի «Վերին Լարս» ռուս - վրացական մաքսային սահմանային անցակետը տանող ավտոմոբիլային ճանապարհը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG