Մատչելիության հղումներ

Մարտի 17-ի մամուլ


«Որո՞նք են մեր ցինիզմի արմատները», - հարց է բարձրացնում «Առավոտ»-ի խմբագիրը եւ փորձում պատասխանել. - «Կարող եմ ենթադրել միայն, որ պատճառները պետք է փնտրել մեր նորագույն պատմության մեջ: 20-րդ դարի մեծ մասը մենք ապրել ենք շինծու, դրսից պարտադրված արժեքների պայմաններում, որոնց մեր պապերի մի մասը գուցե հավատում էր, մեր ծնողները չէին հավատում, իսկ մենք նրանց հետ միասին ծաղրում էինք այդ արժեքները խոհանոցներում: Տեսնելով պաշտոնապես հայտարարվող բավական գեղեցիկ գաղափարների եւ իրականության անհամապատասխանությունը` մենք ենթագիտակցաբար եկանք այն համոզման, որ ընդհանրապես բոլոր գեղեցիկ գաղափարները փուչ ու ծաղրի ենթակա են: Ասենք, Մեծ Պահքը եւ կոմունիստական սուտի «ասկետիզմը» [մենք գիտեինք, թե ինչպես են իրականում ապրում կոմունիստական ֆունկցիոներները] իբր նույն երեւույթների շարքից են: Կամ` Աստվածաշունչը մոտավորապես նույնն է, ինչ-որ «Կոմունիզմի կառուցման կոդեքսը»: Ինչո՞ւ, օրինակ, Հայաստանում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. որովհետեւ այդ ատենակալների երդումներին ոչ ոք չի հավատա` Սուրբ գրքի վրա երդվելը մեզանում ոչ մի կոպեկի գին չունի»:

Հետաքրքրիր եզրահանգման է եկել «Երկիր» օրաթերթը. - «Նախագահ Սարգսյանի վերջին ելույթներն ու գործողությունները, կարծես, հուշում են, որ նա այնքան էլ հեռու չէ հարեւանի` Միխեիլ Սահակաշվիլու գործողությունները կրկնելու մտքից: Բատոնո Միշան, եթե հիշում եք, ժամանակին տեղի տվեց ընդդիմությանը, հրաժարվեց պաշտոնից եւ նոր ընտրություններով վերընտրվեց Վրաստանի նախագահ: Միայն թե դրանից հետո ո'չ այլեւս վրացական ընդդիմության ձայնը լսվեց, ո'չ էլ նախագահի ոչ լեգիտիմ լինելու մասին որեւէ արտահայտություն: Հայաստանի ընդդիմության պերմանենտ փողոցային ակցիաները, որոնք, տարվա եղանակի հետ կապված, սպառնում են նույնիսկ վերաճել անընդհատ ցույցերի, ի վերջո Հայաստանի նախագահին կկանգնեցնեն ընտրության առաջ` կա'մ պայքարել ընդդիմության ու նրա համակիրների դեմ, կա'մ մի որեւէ ազդեցիկ մանյովրով լիցքաթափել վիճակն ու երկիրն ուղղել զարգացման ճանապարհ: Առաջին տարբերակը, անշուշտ, առճակատում է նշանակում, ինչը չի կարող ամրապնդել նախագահի դիրքերը: Միանգամայն համարձակ ու առավել նախընտրելի է երկրորդ տարբերակը, բայց ահա, ի տարբերություն Սահակաշվիլիի, Սերժ Սարգսյանը դեռ չի հասցրել իրագործել այնպիսի տեղաշարժեր, որոնք զանգվածներին հույս կներշնչեին, թե նա կկարողանա ի վերջո արմատախիլ անել կոռուպցիան, հաստատել օրենքի առաջ բոլորի հավասարությունը, առողջ մրցակցական դաշտ ապահովել տնտեսության մեջ»:

Սերժ Սարգսյանի վերջին օրերի ելույթների վերաբերյալ այլ կարծիք է ներկայացնում «Չորրորդ ինքնիշխանություն»-ը. - «Վերջին մի քանի օրերին տարբեր առիթներով Սերժ Սարգսյանի արտասանած ելույթների հիմնական իմաստը մեկն էր` նա հրապարակավ խոստովանում էր, որ բացարձակապես չի տիրապետում իրավիճակին: Մեծ հաշվով, նա հենց այդպես էլ ասում էր: Չեմ հասկանում, ասում էր, էս ի՞նչ բան ա, ոստիկանները փողեր են առնում ու հանցագործություններ կոծկում` ես խաբար չեմ, ինչ-որ անկապ ծրագրեր են իրականացվում` արդյունքը չի երեւում, ես ուզում եմ գնաճը զսպել` ամեն օր ամին ինչ թանկանում ա, Երեւանի ճանապարհները փակում ենք` ընդդիմության հանրահավաքները ավելի ու ավելի մարդաշատ են դառնում եւ այլն: Այլ կերպ ասած` երկրում անիշխանություն է, եւ իշխանությունների ներսում այդ իրավիճակից օգտվողների պակաս չկա»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Դժվար է ասել, թե ինչպես կդասավորվեն իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-ժողովուրդ, ընդդիմություն-ժողովուրդ հարաբերություններն առաջիկայում: Մի բան պարզ է, որ երկրում հեղափոխական իրավիճակ է ստեղծվել: Հիշո՞ւմ եք պրոլետարների առաջնորդ Լենինին` վերեւները չեն կարող նախկինի պես կառավարել, ներքեւները չեն ուզում նախկինի պես ապրել, եւ սոցիալական իրավիճակը խիստ սրվել է: Մեր հասարակության մի հսկայական հատված իր բնույթով խաղաղասեր է, եւ հեղափոխություններից, ու, ընդհանրապես, փոփոխություններից սարսափած: Հենց այս հատվածն էլ վճռորոշ է լինելու: Եթե նրանց կյանքի մակարդակը այնքան է ընկել, որ այլ ելք, քան իշխանափոխությունը, չեն տեսնում, ուրեմն Հայաստանում եւս եկել է մեծ փոփոխությունների ժամանակը։ Եթե դեռ ռեզինը ձգելու տեղ կա` ապա մեր հույսը պետք է դնենք «բարեփոխումների» վրա, որոնց մասին տասնամյակներ է` լսում ենք, արդյունքը չենք տեսնում»:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը «Ժամանակ»-ին ասում է. - «Շատ էական տարբերություն կա վերջին երեք տարվա քաղաքացիական հասարակության գործունեության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա առաջարկի միջեւ: Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը մերժում է Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր առաջարկները: Ըստ իս, Լեւոն Տեր-Պետրոսյանի` ֆորումի մասին առաջարկը հանգեցնում է երկիշխանության հաստատման: Առաջիկա հանրահավաքը ցույց կտա, թե ինչ զարգացումներ կլինեն: 1988 թվականին էլ էր երկիշխանություն հաստատվել Ազատության հրապարակում: Այն ժամանակ էլ իշխանությունը հարկադրված կատարում էր հանրահավաքի որոշումները: Ես չէի ցանկանա, որ երկիշխանությունը վերածվի տեւական գործիքի»:
please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG