Մատչելիության հղումներ

Ապրիլի 9-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Երեք տարի առաջ այս օրը, երդմնակալության արարողությամբ, մեկնարկեց նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը։ Այդ առիթով արդեն եղել են եւ դեռ էլի կլինեն անդրադարձեր, հրապարակումներ, որոնց հեղինակները փորձում են ի մի բերել պետության ղեկավարի եռամյա գործունեության արդյունքները՝ դիտարկելով այս կամ այն առանձին բնագավառը կամ ընդհանուր առմամբ։ Գնահատականների ու տեսակետների ամպլիտուդն, իհարկե, մեծ է, նաեւ՝ հակասական, ինչը նույնպես բնական է, կախված այն հանգամանքից, թե տվյալ գնահատականի հեղինակը քաղաքական ո՛ր ճամբարից է։ Տվյալ պարագայում էականն այն է, որ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարումն սկսեց հետընտրական զարգացումների եւ «մարտի 1»-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքով պետության ներքաղաքական կյանքի ու, ընդհանրապես, հասարակական բավական ծանր միջավայրի պայմաններում։ Եվ բնական է, որ այդ միջավայրի հաղթահարումն ու թոթափումը պետք է լիներ եւ եղավ նախագահի գործունեության ուղղություններից մեկը»։

Նախագահության երրորդ տարեդարձին է անդրադառնում նաեւ «Ժամանակ»-ը իր վերլուծականում: - «Այդ նախագահությունը հաստատ քաղաքացիների համար չէր, ինչի մասին է վկայում այն, որ ներկայումս Սերժ Սարգսյանը փորձում է քաղաքացիների մոտ պատրանք ստեղծել, թե վճռականորեն տրամադրված է փոփոխություններ: Եթե մարդը, ով երեք տարի նախագահ է եղել, իր ժամկետի կեսից շատն անցկացրել է եւ հիմա խոսում է փոփոխությունների վճռականության մասին, ուրեմն նա իր նախագահության կեսից ավելին անցկացրել է անիմաստ, համենայնդեպս փոփոխությունների հիմնական հասցեատեր քաղաքացիների համար անիմաստ: Թեեւ, իհարկե, այդ եզրակացության համար բավական է նաեւ երկրի վիճակը տնտեսական իրավական, քաղաքական ոլորտներում, որտեղ ճգնաժամն ու հետընթացը ակնհայտ են անզեն աչքով: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի նախագահությունը նաեւ իշխանական համակարգի համար չէր, քանի որ այդ նախագահության ընթացքում երկրում է՛լ ավելի խորացած համակողմանի ճգնաժամը իշխանությանը դրեց ոչ պակաս բարդ կացության առաջ, քան քաղաքացիներին, որովհետեւ հասարակական լրջագույն դժգոհությունը այսօր դարձել է շատ լուրջ մարտահրավեր հենց իշխանության համար: Սերժ Սարգսյանը, փաստորեն, մեծացրել է իշխանությանն ուղղված մարտահրավերները»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «50-ական թվականներին, երբ ԽՍՀՄ-ի եւ Հարավսլավիայի հարաբերությունները շատ էին սրվել, մեր երկրում անց էր կացվում «հասարակական կարծիքի հարցում»: Հարցը, որը տրվում էր մեր քաղաքացիներին, հետեւյալն էր. «Ինչպե՞ս եք վերաբերվում հարավսլավական ժողովուրդների դահիճ Իոսիֆ Բրոզ Տիտոյին»: Հասկանալի է, որ նման հարց տվողները ոչ թե ուզում էին իմանալ հասարակության կարծիքը, այլ պարզապես հաստատել իրենց տեսակետը: Նույն տրամաբանությունն է գործում, երբ հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդները` դիմելով իրենց զանգվածին, օրինակ, հարցնում են` «կա՞ մեկը, որը կարծում է, թե բռնապետական ռեժիմը իրավունք ունի, խախտելով օրենքներն ու Սահմանադրությունը, արգելել մեզ հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում` խնդրում ենք քվեարկել»: Ես էլ ուզում եմ հարցնել` կա՞ որեւէ խելագար, որը դրական պատասխան կտա նման հարցի ն, այսինքն` կասի` այո, բռնապետական ռեժիմը դրա իրավունքն ունի: Եվ եթե հանկարծ նման խելագար հայտնվի, ի՞նչ են նրա հետ անելու հանրահավաքի մասնակիցները: Մի՞թե նման քվեարկությունը ժողովրդավարության կամ «հասարակական ինքնակարգավորման» իմիտացիա չէ»:

Ինչ-որ առումով` այս հարցին է պատասխանում «168 ժամ»-ը իր մի տեղեկատվությամբ: Ըստ թերթի` Երեւանի ավագանու երեկվա նիստի ժամանակ ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն առաջարկել է ընդհանրապես արգելել Ազատության հրապարակում որեւէ քաղաքական միջոցառում, հանրահավաքներ անցկացնելու ավանդույթը: - «Նա նույնիսկ դժգոհել է միտինգներից հետո իրենց «պադեզդների մոտ առաջացած կեղտից»: «Ազատության հրապարակում պետք է մեկընդմիշտ արգելել որեւէ քաղաքական միջոցառում անցկացնել, մասսայական միջոցառումները պետք է միայն արվեստի վերաբերյալ լինեն, որովհետեւ արդեն ամոթ ա, մայրաքաղաքը դառել ա… չեմ ուզում բառը արտասանեմ», - ասել է Իգիթյանը: Երեւանի Կարեն Կարապետյանն էլ պատասխանել է. - «Մեր իրավաբանների հետ կքննարկենք, թե ինչքանով է դա մեր գործառույթը, թե` ոչ, ու հաջորդ ավագանու նիստին Ձեզ կտեղեկացնենք», - գրում է թերթը:

«Երկիր» թերթը գրում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է ձեռք քաշի Ազատության հրապարակը վերանվաճելու մտքից: Այն այլեւս դադարել է ռազմավարական բարձունք լինելուց եւ, ինչպես իշխանություններն են պնդում, միշտ էլ բաց է բոլորի համար` սկսած ասֆալտին արեւ նկարող երեխաներից մինչեւ ՀԱԿ ամենաթունդ ակտիվիստներ, որոնք անարգել կարողանում են քոչարի պարել: Էլ չենք խոսում այն մասին, որ նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ իր ընտանիքի ուժերով «նվաճել» այդ հրապարակը: Ասացինք` ժամանակակից քաղաքական ակցիան այսպես է լինում, ու հանգստացանք: Ինչ որ է, Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է ետ կանգնի Ազատության հրապարակը վերանվաճելու մտքից: Այլ խորհուրդ տամ: Հաջորդ անգամ, երբ քաղաքապետարանին դիմում գրեն, թող նշեն, որ պարզապես ցանկանում են երգի-պարի երեկո կազմակերպել: Հաստատ չեն մերժի: Եվ առհասարակ` ի՞նչ վատ բարձունք է Մատենադարանի առջեւի հրապարակը: Ներքեւից որ նայում ես` ելույթ ունեցողը ճիշտ անգղի է նման` քարաժայռին թառած, ազդեցիկ, ահարկու, ոգեշնչող… արժե՞ այս տեսարանից հրաժարվել օպերայի արձանների ետեւում հայտնվելու համար»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG