Ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Ժամանակ»-ին ասում է. - «Ցավոք սրտի, Հայաստանում իշխանությունները եկան կրիմինալի օգնությամբ եւ հետո դարձան նրանց պատանդը: Այսինքն` կրիմինալը, մականունավորները ներխուժեցին իշխանական տարբեր օղակներ: Եվ դա, ցավոք սրտի, իշխանությունը պահելու ավելի հեշտ տարբերակ էր: Եվ երբ Հայաստանում խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ես դա անհեթեթություն եմ համարում, որովհետեւ չի կարող հինգ հազար դրամ կաշառքով իշխանության եկածը հետո ինքը պայքարի կոռուպցիայի դեմ: Այսօր չկա այն օղակը, որ պայքարում է կոռուպցիայի, կրիմինալի դեմ: Ընդամենը մի 6-րդ գլխավոր վարչությունով հնարավոր չէ այդ խնդիրը լուծել: Հազար ու մի կարգի որոշումներ պետք է լինեն այդ ամենի դեմ պայքարելու համար: Սակայն չի արվում, որովհետեւ մարդկանց գնահատելու չափանիշը ոչ թե նրանց մասնագիտական ընդունակություններն են, ոչ թե նրանց բարոյական հատկանիշները, ոչ թե նրանց պետական մտածողությունը ու պետությանը նվիրվածությունը, այլ` թե ինչ ես արել դու ընտրությունները կեղծելու համար»: