Ռուսաստանի իշխանությունը օրեր շարունակ իրարամերժ հայտարարություններից հետո ստիպված եղավ խոստովանել , որ ավելի քան մեկ շաբաթ առաջ Կուրսկի մարզ ներխուժած ուկրաինական զինված ուժերին չի հաջողվում դուրս մղել իր տարածքից:
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հայտնեց, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերը ռուսական պաշտպանությունը ճեղքելու նոր փորձեր են ձեռնարկել։ Դատելով ռուսական պաշտոնական տվյալներից՝ Ուկրաինայի զինուժը վերջին օրվա ընթացքում Ռուսաստանի տարածքում խորացել է ևս 2 կիլոմետր.
«Բանակային ավիացիան, անօդաչու թռչող սարքերը և հրետանային կրակը կասեցրեցին հակառակորդի շարժական խմբերի Ռուսաստանի տարածք ներխուժելու փորձերը՝ Վարվառովկայի, Սաֆոնովկայի, Շեպտուխովկայի, Կաուչուկի, Ալեքսեևսկու և Մատվեևկայի տարածքներում»:
Նշված Վարվառովկա և Սաֆոնովկա գյուղերը գտնվում են Կուրսկի մարզի Կորենևսկի շրջանում՝ սահմանից համապատասխանաբար 25 և 29 կիլոմետր հեռավորության վրա։
Մոսկվան պնդում է, որ ռուսական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Կուրսկի շրջանի Բելովսկի շրջանի Կրուպեց գյուղի նկատմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուսական զորքերը Կուրսկի մարզում գյուղ են վերագրավելՄինչդեռ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի խոսքով՝ ուկրաինական ուժերն ընդամենը մի քանի օրվա ընթացքում իրենց վերահսկողության տակ են վերցրել 82 բնակավայր՝ ընդհանուր առմամբ 1150 քառակուսի կիլոմետր տարածք Կուրսկի մարզում:
«Ընդհանուր առմամբ, Կուրսկի շրջանում գործողության սկզբից ի վեր մեր զորքերն առաջ են անցել 35 կիլոմետր խորությամբ», - հայտարարել է Սիրսկին:
Ուկրաինական բանակը առաջանալուն զուգահեռ նաև հաստատվում է ռուսական տարածքում, ըստ պաշտոնական Կիևի՝ Ռուսաստանի բնակավայրերում ուկրաինական հրամանատարական գրասենյակներ են ստեղծվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան Կուրսկի մարզում զինվորական պարետատուն է ստեղծելՎլադիմիր Զելենսկու խոսքով, այդքանով Կիևը չի սահմանափակվի՝ փորձելով հասնել Կուրսկի մարզում իր ռազմավարական նպատակներին․ թե ինչ նկատի ուներ Ուկրաինայի առաջնորդը, փակագծեր չի բացել։
«Այսօր մենք լավ առաջընթաց ենք գրանցում Կուրսկի մարզում. մենք հասնում ենք մեր ռազմավարական նպատակին: Մեր պետության փոխանակման ֆոնդը նույնպես զգալիորեն համալրվել է: Կարևոր է, որ Ուկրաինան պայքարում է կանոնների համաձայն, և այդ տարածքում առկա հումանիտար կարիքները պետք է ապահովվեն», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Այն մասին, որ Ռուսաստանի տարածքում թեժ մարտերի ինտենսիվությունը Ուկրաինայի անակնկալ հարձակումից 8 օր անց էլ չի նվազում, կարելի է դատել նաև ռուսական շրջաններից բնակչության տարհանման աշխարhագրությունից:
Այսպես՝ Կուրսկի մարզում տարհանվել է մի ամբողջ շրջանի՝ Գլուշկովոյի բնակչությունը։ Ընդ որում՝ ուկրաինական կողմը հարձակման թիրախում հայտնված ռուսաստանյան բնակավայրերի բնակիչներին առաջարկում է օգտվել նաև դեպի Ուկրաինա տանող մարդասիրական միջանցքից՝ ըստ էության պատրաստակամություն հայտնելով ընդունել ռուս փախստականների:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանում բնակիչների պարտադիր տարհանում է հայտարարվելՄինչ այդ, ռուսական բանակը Կուրսկից բացի հավելյալ ուժեր է տեղակայում նաև Ուկրաինային սահմանակից մյուս մարզում՝ Բելգորոդում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
«Մենք առաջին հերթին խոսում ենք հրամանատարության և կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման մասին, ինչպես նաև լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաբաշխման մասին, որոնք կուղարկվեն հիմնական խնդիրներն իրականացնելու համար», - ասել է Անդրեյ Բելոուսովը:
Ուկրաինայի հարևանությամբ գտնվող ռուսական մարզերի վրա այս անսպասելի և շատերի գնահատմամբ՝ Մոսկվայի համար շոկային հարձակումը ռուսներին չի կանգնեցրել. համենայն դեպս, ռազմաճակատի այլ ուղղություններում, հատկապես արևելքում՝ Դոնեցկի մարզում ռուսական բանակը շարունակում է հաստատուն քայլերով առաջանալ և նորանոր տարածքային ձեռքբերումներին զուգահեռ կրակի տակ պահել Ուկրաինայի բնակավայրերը։
Դոնբասի ճակատում իրավիճակը փոխվում է ոչ հօգուտ Ուկրաինայի, նկատում է Politico-ն՝ հղում անելով ուկրաինացի զինվորականներին, որոնք պարբերականի հետ զրույցում նշել են, որ մինչ Ուկրաինայի բանակի մի մասը Կուրսկի մարզն էր ցնցում, ռուսները Դոնեցկում ևս մի քանի բնակավայր են պոկել։
«Դոնբասի Պոկրովսկի ուղղությամբ դիրքավորված ուկրաինացի զինվորները նշում են, որ թշնամու ճնշումը մեծանում է, և բողոքում են զինամթերքի պակասից», - գրում է ամերիկյան պարբերականը: