Ռուսաստանը դուրս է բերում իր զորքի մի մասն Ուկրաինայի տարածքից՝ Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը պատասխանելու համար, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ընդգծելով, որ Ուկրաինա ներխուժումից ի վեր առաջին անգամն է Մոսկվան դուրս բերում իր ստորաբաժանումներն Ուկրաինայի տարածքից՝ պաշտոնյաները շեշտել են՝ այս հրամանի պատճառն ուկրաինական գործողություններն են Ռուսաստանի տարածքում, մասնավորապես, Կուրսկի շրջանում։
Ամերիկացի վերլուծաբանները դեռ չեն հստակեցնում, թե որքան զորք է տեղափոխվում Ռուսաստան և ինչ ազդեցություն այն կարող է ունենալ Ուկրաինայում ռազմական գործողությունների վրա։
Արդեն 8-րդ օրն է շարունակվում են լայնածավալ ռազմական գործողությունները Կուրսկի շրջանում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաղորդել է, որ 74 բնակավայր է գտնվում երկրի զինված ուժերի վերահսկողության տակ։ Նախօրեին Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովն, իր հերթին, ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը տարածաշրջանի 28 բնակավայր են գրավել։
Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել այս հաղորդումների իսկությունը։
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բերելը նախօրեին հայտարարել է, որ Պուտինին չհաջողվեց կոտրել Ուկրաինայի դիմադրությունը և այժմ, նրա խոսքով, Պուտինը ստիպված է նահանջել Ռուսաստանի տարածք։
Բորելը վերահաստատել է «ԵՄ-ի լիակատար աջակցությունը Ուկրաինայի ժողովրդի պայքարին»։