Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ու Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը երեկ հեռախոսազրույց են ունեցել, հայտարարել է Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը։
Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինային ամերիկյան օգնության առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի ընթացիկ գործողությունները։
Օսթինը և Ումերովը նաև ընդգծել են դաշնակիցների և գործընկերների աջակցությունը՝ «Ուկրաինայի հրատապ ռազմական կարիքները բավարարելու հարցում»:
«Ումերովը տեղեկատվություն է տրամադրել ռազմական գործողությունների դինամիկայի, ինչպես նաև Ուկրաինայի վրա Ռուսաստանի շարունակվող հարձակումների հետևանքների մասին», - ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հեռախոսազրույցից հետո Օսթինը X-իր էջում գրառում է կատարել, մասնավորապես շեշտելով, որ «Միացյալ Նահանգները հավատարիմ է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար Ուկրաինային օգնելու հարցում»։
Ումերովն իր հերթին է գրառում կատարել X-ում, զրույցը որակել արդյունավետ ու նշել, որ Օսթինին է ներկայացրել առաջնագծում տիրող իրավիճակն ու ուկրաինական պաշտպանության ուժերի առաջնահերթ կարիքները։
Նա շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին «ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր շարունակական և համապարփակ աջակցության համար»։
Ռուսաստանի Կուրսկի մարզում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին օգոստոսի 13-ին Կիև էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը։
Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան Բրիջիթ Բրինքս ողջունել էր Օ'Բրայենի այցը Կիև՝ շեշտելով՝ «այս այցը մեծ ուղերձ ունի»։
«ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային անսասան է», - X-ում գրել էր դեսպանը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն էլ առաջին անգամ մեկնաբանելով Կուրսկի վրա ուկրաինական ուժերի հարձակումը, ասել է, որ դա «իսկական դիլեմա է ստեղծում Պուտինի համար»։