Ուկրաինան Կուրսկի մարզում բազմաթիվ ուղղություններով առաջ է շարժվում և առավոտից նոր տարածքներ է գրավել, այսօր հայտարարել է նախագահ Զելենսկին: Մինչ այդ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օլեկսանդր Սիրսկին էր Զելենսկուն զեկուցել՝ անցած 24 ժամում միայն ուկրաինական բանակը Ռուսաստանի տարածքից ևս 40 քառակուսի կմ է գրավել:
«Ուկրաինայի պաշտպանության բանակը շարունակել է հարձակողական գործողությունները Կուրսկի մարզում, նրանք տարբեր ուղղություններով առաջ են գնացել մեկից երկու կիլոմետր», - նշել է Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետը:
Ըստ Սիրսկու, մեկ օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները գերի են վերցրել ավելի քան 100 ռուս զինվորականի։ Մոսկվան այս տեղեկությունները չի հաստատել, սոցիալական ցանցերում, սակայն, բազմաթիվ հաղորդումներ են տարածված, որ գերիների թվում կան ժամկետային զինծառայողներ։
Նրանցից մեկի կինն այսօր բողոքի ցույց է անցկացրել Մոսկվայում՝ Պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ կոչ անելով վերջ տալ պատերազմին. - «Խնդրում եմ ձեզ կանգնեցրել ռազմական գործողությունները Ուկրաինայում և խաղաղ բանակցություններ սկսել»:
Չնայած պաշտոնական Մոսկվայի հայտարարություններին, թե բանակը ետ է շպրտում ուկրաինացիներին Ռուսաստանի տարածքից, Ուկրաինայի պետական հեռուստատեսությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են ուկրաինական զորքերը Կուրսկի մարզի Սուջա քաղաքի պաշտոնական շենքից իջեցնում ռուսական դրոշը:
Տեղից ստացվող հաղորդումների համաձայն, Ռուսաստանի տարածքում արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակվող մարտերն օրեցօր ավելի կատաղի են դառնում:
Ուկրաինացի զինվորականներից մեկն, անանուն մնալու պայմանով, Associated press-ին հայտնել է, թե այս գիշեր թիրախավորել է Ռուսաստանի օդանավակայանները, և որ դա եղել է ամենամեծ հարձակումն արդեն երկու տարուց ավելի շարունակվող պատերազմից ի վեր։ Ռուսական կողմը հաստատել է, որ Ռուսաստանի միանգամից ութ մարզերում 117 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Զուգահեռ հաղորդվում է, որ երկու կողմն էլ Կուրսկի ճակատ է բերում հավելյալ ուժեր. The Wall Street Journal-ը, մասնավորապես, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին գրում է, թե Ռուսաստանը դուրս է բերում իր զորքի մի մասն Ուկրաինայի տարածքից՝ Կուրսկի պաշտպանությունն ամրապնդելու համար։
Ըստ ամերիկյան պարբերականի, Ուկրաինայի դեմ ավելի քան երկու տարի առաջ սկսված պատերազմից ի վեր Մոսկվան առաջին անգամ է ստիպված ետ բերել զինվորներին Ուկրաինայի տարածքից։
Ամերիկացի վերլուծաբանները դեռ չեն հստակեցնում, թե որքան զորք է տեղափոխվում Ռուսաստան և ինչ ազդեցություն այն կարող է ունենալ Ուկրաինայում ռազմական գործողությունների վրա։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, սակայն, երեկ հայտարարել է, որ Ուկրաինայի գործողությունները «լուրջ խնդիր» են ստեղծել Վլադիմիր Պուտինի համար:
«Ես այս հարցով մշտական կապի մեջ եմ իմ անձնակազմի հետ, հավանաբար վերջին վեց կամ ութ օրվա ընթացքում չորս կամ հինգ ժամը մեկ: Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակն իսկական դիլեմա է Պուտինի համար: Մենք ուղիղ և մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ», - ասել է Բայդենը:
Այս ֆոնին այսօր չհայտարարված այցով Կիև է ժամանել Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛ Բրայենը։
«Այս այցը մեծ ուղերձ ունի», - հայտարարել է Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան Բրիջիթ Բրինքսը, հավելելով՝«ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային անսասան է»:
Ռուսական բանակը շարունակում է ինտենսիվ գրոհները ռազմաճակատի այլ հատվածներում
Մոսկվան իր հերթին այսօր հայտարարել է, թե Կուրսկի մարզի վրա ուկրաինական հարձակումը նվազագույնը ընդհատել է բանակցությունների հնարավորությունը տևական ժամանակով:
«Իրենց ահաբեկչական գործողություններով Կուրսկի մարզում Ուկրաինան առնվազն երկար ժամանակ դադարեցրեց խաղաղ բանակցությունների ընթացքը: Իմ կարծիքով՝ նրանք դա արեցին միտումնավոր, քանի որ ակնհայտ է, որ բացարձակապես ոչ ադեկվատ թշնամու հետ խաղաղ բանակցություններն անբնական են», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը։
Չնայած բավականին բարդ իրավիճակին, որ ստեղծվել է Ոուսաստանի Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում, ռուսական բանակը շարունակում է ինտենսիվ գրոհները ռազմաճակատի այլ հատվածներում և դանդաղ, բայց համառորեն առաջ է շարժվում Դոնբասում։
Հատկապես ինտենսիվ են մարտերը Պոկրովսկու ուղղությամբ, որտեղ ռուսական բանակը առաջ է գնում՝ ջնջելով բնակավայրեր։ Ռուսների ճանապարհին հաջորդը՝ Նովոգրոդիվկա քաղաքն է, որից ռուսական բանակը գտնվում է մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա: Քաղաքն ամեն օր գնդակոծվում է։ Ծայրամասերում հրետանային կրակոցներ են լսվում։ Մինչդեռ քաղաքի ոչ բոլոր բնակիչներն են ուզում տարհանվել, «Ազատության»-ը պատմում է Նոր Զելանդիայից եկած կամավորներից մեկը։
«Դե տեսեք՝ շատերն ասում են, որ չեն ուզում թողնել քաղաքը. մենք տարհանման տարբերակներ ենք առաջարկում, սակայն նրանք չեն համաձայնում, ասում են՝ այստեղ մեր հարազատների գերեզմաններն են, մենք էլ նրանց կողքին կլինենք», - ներկայացրեց նա:
Մինչ այդ ռազմական փորձագետները, վերլուծելով մարտի դաշտից ստացվող սուղ տեղեկությունները, փաստում են՝ իրավիճակը մնում է խիստ անկայուն, սակայն հստակ է մեկ բան՝ Կուրսկում Ուկրաինայի հարձակումը կրկին խարխլեց Պուտինի անպարտելի կերպարը։
Ռուսաստանը 15 ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ կոպիտ նվաստացման է արժանանում, գրում է СNN-ի մեկնաբանը, մանրամասնելով՝ առաջինն անցած տարի էր, երբ իր իսկ մերձավոր, «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը տանկերը քշեց դեպի Մոսկվա՝ մեղադրելով ռուս բարձրաստիճան զինվորականներին կոռուպցիայի ու վատ կառավարման համար: Երկրորդ ապտակը, ըստ հոդվածագրի, ՌԴ նախագահը ստացավ իր հոգեհարազատ Անվտանգության Դաշնային Ծառայության կողմից, որը չկարողացավ պահել Ռուսաստանի սահմանների անառիկությունը՝ Պուտինի ընտրած պատերազմում: