Ռուսական բանակն առավոտյան հրթիռներ է արձակել Օդեսայի ու Խարկովի ուղղությամբ։ Տասնյակ խաղաղ բնակիչներ են վիրավորվել, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր։
Ուկրաինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում առնվազն 23 մարդ է վիրավորվել։ Խարկովի ղեկավար Օլեգ Սինեգուբովի նախնական տվյալներով՝ ռուսները քաղաքին հարվածել են С-400 հրթիռային համակարգով և խոցել խիտ բնակեցված տարածք, վնասվել է առնվազն 40 տուն։
Հարվածի տակ էր նաև Զապարոժիեն, որտեղ նույնպես կան տուժածներ:
«Մենք շտապօգնություն կանչեցինք, քանի որ երեխան շատ էր վախեցել պայթյունից։ Փառք Աստծո նրան բան չէր եղել, բժիշկներն ասացին, որ ամեն ինչ լավ է։ Զարմիկս փրկվել է, երջանիկ աստղի տակ է ծնվել երևի։ Բայց տան ու շրջակայքի վնասը մեծ է», - ասում է քաղաքի մի բնակչուհի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարվածներ Խարկովի կենտրոնին, առնվազն 15 խաղաղ բնակիչ է վիրավորվելՔաղաքներից բացի, վերջին օրերին ռուսները շարունակում են ինտենսիվ հարձակումները նաև ռազմաճակատում՝ առաջ գնալով գրեթե բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ուկրաինական բանակի կողմից գրավված Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում։ Միևնույն ժամանակ, Կրեմլը գրեթե ամեն օր հայտարարում է, թե պատրաստ է բանակցություններին, ու իրավիճակի սրացման մեղքը բարդում ԱՄՆ հեռացող վարչակազմի վրա։
«Խաղաղություն» կամ «խաղաղության ծրագիր» բառերը գալիս են Թրամփի կողմնակիցներից և գալիք վարչակազմում ապագա պաշտոններում առաջադրվածներից: Գործող վարչակազմից նման խոսքեր չեն լսվում, և էսկալացիոն գործողությունները շարունակվում են. սա է իրականությունը, որին մենք բախվում ենք, դուք գիտեք, որ նախագահն ասել է, որ պատրաստ է խաղաղ գործընթացի և բանակցությունների», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչի դիմաց և ինչպես է Պուտինը պատրաստ գնալ հրադադարի․ ReutersԻնքը Դոնալդ Թրամփը, ով նախընտրական փուլում ասում էր, թե ընտրվելու դեպքում դեռ մինչև պաշտոնը ստանձնելը կկանգնեցնի պատերազմը, ուկրաինական պատերազմի շուրջ վերջին զարգացումների մասին չի խոսել, սակայն նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը երեկ Fox News-ի եթերում ասել է, թե Թրամփը մտահոգված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարտական գործողությունների ներկայիս սրացմամբ։
Ուոլցի փոխանցմամբ՝ երդմնակալությունից հետո Թրամփի թիմը սկսելու է աշխատանքը ռուս - ուկրաինական պատերազմին վերջ տալու բանակցություններ կազմակերպելու համար, իսկ մինչ այդ՝ Թրամփի թիմի անդամներն ու ներկայիս նախագահ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները մանրակրկիտ քննարկում և համաձայնեցնում են իրենց դիրքորոշումները Ուկրաինայի պատերազմին առնչվող հարցերում։
«Նախագահ Թրամփը շատ հստակ է արտահայտվել այս հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Եվ մենք պետք է քննարկենք, թե ով է նստելու բանակցային սեղանի շուրջ, ինչպես երկու կողմերին նստեցնել սեղանի շուրջ», - ասել է Մայք Ուոլցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռիչարդ Գրենելը կարող է դառնալ ԱՄՆ հատուկ բանագնաց Ուկրաինայում պատերազմի գծով. ReutersԱնցած շաբաթ ռուսները հրթիռակոծել էին Դնեպր քաղաքը միջին հեռահարության «Օրեշնիկ» նոր բալիստիկ հրթիռով, իսկ դրա հաջորդ օրը նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ուղերձով սպառնացել էր Արևմուտքին այդ նոր հրթիռներով՝ շեշտելով, թե Դնեպրի վրա հարվածը արևմտյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին հարվածելու թույլտվության պատասխանն էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը զգուշացնում է նոր հրթիռի մարտական փորձարկումների մասինԸստ արևմտյան մամուլի՝ Բայդենի հեռացող վարչակազմը փորձում է հնարավորինս ուժեղացնել նախագահ Զելենսկու դիրքերը մինչև նորընտիր նախագահ Թրամփի երդմնակալությունը, ռուսներն էլ՝ իրենց դիրքերը՝ առավել սաստկացնելով հարձակողական գործողությունները թե՛ Դոնբասում, թե՛ Կուրսկի մարզում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Զելենսկու՝ Պուտինը մտադիր է վերադարձնել Կուրսկը նախքան Թրամփի պաշտոնավարումըԱվելին, The Economist-ը, հղում անելով ուկրաինական հետախուզությանը, գրում է, թե ռուսական բանակը պատրաստվում է գրոհել Զապորոժիե քաղաքը, որը ռազմաճակատի գծից 30 կիլոմետր հեռավորության վրա է։ Գործողության ստույգ ժամկետը հայտնի չէ։ Հետախուզության աշխատակիցը միայն հայտնել է, որ ռուսները կարող են ներգրավել մինչև 130 հազար զինվորականի:
Վերջին երկու ամսվա ընթացքում ռուսական զորքերը մեծացրել են հրթիռներով և կառավարվող ռումբերով Զապորոժիեի ռմբակոծությունները։ Քաղաքը ռազմավարական նշանակություն ունի Ուկրաինայի համար. այն երկրի ծանր արդյունաբերության՝ այս պահին գործող երեք կենտրոններից մեկն է, որը չափազանց կարևոր է Ուկրաինայի՝ որպես պետություն գոյատևելու համար, նշում է The Economist-ը։
Քաղաքը կարևոր է նաև Կրեմլի համար, հիշեցնում է պարբերականը։ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի աշնանը հայտարարեց ամբողջ Զապորոժիեի շրջանի բռնակցման մասին, թեև ռուսական բանակն այն ժամանակ վերահսկում էր շրջանի միայն մեկ երրորդը։
Այժմ, նախապատրաստվելով ռուսական հարձակմանը, Ուկրաինայի զինված ուժերը Զապորոժիեի շուրջ կառուցում են նոր պաշտպանական գծեր՝ ականապատ դաշտեր, ինժեներական պատնեշներ, երկաթբետոնե կառույցներ: