Ռուսական բանակը նոյեմբերի լույս 22-ի գիշերը հարվածել է Սումի քաղաքին, կա երկու զոհ, հաղորդել է քաղաքապետ Արտեմ Կոբզարը։ Սումիի վարչական շրջանի ռազմական ղեկավարությունը հայտնել է 12 տուժածի մասին։
Նշվում է, որ քաղաքի բնակելի միկրոշրջանը հարձակման է ենթարկվել «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերով։
Կոբզարը տելեգրամի իր էջում հրապարակած տեսաուղերձում հայտնել է, որ քաղաքում մի քանի հզոր պայթյուն է որոտացել, պայթյունների վայրում աշխատում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները։
Ուկրաինայի Սումիի շրջանը սահմանակից է Ռուսաստանի Կուրսկի շրջանին, որի տարածք ուկրաինական ուժերը մտան օգոստոսի 6-ին։ Կուրսկի շրջան ուկրաինական ներխուժումից հետո Սումիի շրջանի ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը զգալիորեն ավելացել է։ Տեղի վարչակազմը հայտարարել է 23 բնակավայրերի պարտադիր տարհանման մասին, որտեղ ընդհանուր առմամբ ապրում է մոտ 6 հազար մարդ։