«Օրեշնիկ» հրթիռը կարող է նաև միջուկային հարված հասցնել, և այն կիրառելիս պետք է նախօրոք զգուշացնել, քանի որ արձակումը հնարավոր չէ թաքցնել, ասում է ռազմական փորձագետ Բորիս Պաստուխովը։
«Հակառակ դեպքում հասկանալի չէ, թե ուր է թռչում այդ հրթիռը՝ Լոնդոն, Կիև, թե Վաշինգտոն։ Չզգուշացնելը, ըստ էության, նշանակում է հրահրել միջուկային պատերազմ», - նշել է նա։
Երեկ ուկրաինական Դնեպրի ուղղությամբ հուժկու հարվածներից 12 ժամ անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմեց ռուսաստանցիներին ու հայտարարեց, որ «Օրեշնիկ» անվանումով միջին հեռահարության նոր բալիստիկ հրթիռի թիրախը ռազմական արդյունաբերության ձեռնարկություն է եղել։ Ռուսաստանի նախագահը շեշտեց, որ այս անգամ հարվածն առանց միջուկային մարտագլխիկի է եղել, և դա Մոսկվայի պատասխանն էր Ռուսաստանի տարածքի վրա վեց ամերիկյան ATACMS հրթիռներով, հետո նաև բրիտանական Storm Shadow և HIMARS համակարգերով հարվածներին։
Նա պնդեց, թե նման հրթիռներն անհասանելի են արևմտյան հակաօդային պաշտպանության համակարգերի համար, և որ ապագայում դրանք կիրառելիս նախօրոք կհայտարարեն՝ խաղաղ բնակիչներին տարհանվելու հնարավորություն տալու համար։
Պուտինի ելույթից հետո նրա մամուլի խոսնակը երկու իրարամերժ հայտարարություն արեց՝ նախ պնդեց, թե Կրեմլն այս անգամ նախօրոք չի զգուշացրել բալիստիկ հրթիռի հարվածի մասին, հետո էլ հակառակը, թե զգուշացրել է։
Վաշինգտոնը հաստատել է, որ տեղյակ է եղել և նախազգուշացրել է Կիևին։ Երկու օր առաջ Կիևում մեկ օրով անվտանգության նկատառումներով փակվել էին Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների դեսպանատներ։
Պուտինի ուղերձից հետո Ուկրաինայի նախագահը Տելեգրամի իր ալիքում գրեց, որ «սա այս պատերազմի մասշտաբների և դաժանության ակնհայտ և լուրջ աճ է, Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության ցինիկ խախտում»։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.