Կուրսկի շրջանում հյուսիսկորեական բանակի գեներալ է վիրավորվել, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հիշեցնելով, որ Կուրսկի մի մասը վերահսկում է ուկրաինական կողմը և հյուսիսկորեացի զինվորներն ու սպաները ռուսական զորքերի կազմում այնտեղ կռվում են Ուկրաինայի դեմ։
Կատարվածի մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում, միայն նշվում է, որ գեներալը վիրավորվել է Կուրսկի շրջանում «վերջերս»՝ ուկրաինական զորքերի հարձակումների ժամանակ։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Կուրսկի շրջանում հյուսիսկորեացի զինվորականների գործողությունները համակարգում է Հյուսիսային Կորեայի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Կիմ Յոնգ Բոկը։ Գեներալին հանձնարարված է ինտեգրել հյուսիսկորեական զորքերին ռուսական բանակին և ուսումնասիրել պատերազմի ժամանակակից մեթոդները։
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան ավելի վաղ հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան ցանկանում է տեխնոլոգիաներ ստանալ Ռուսաստանից՝ զինվորների դիմաց։
Հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանում մի քանի հազար հյուսիսկորեացի զինվորական կա։ Պենտագոնը նրանց թիվը գնահատում է 11 հազար։