Բեռլինում կայանալիք հայ-ադրբեջանական բանակցություններից երկու օր առաջ Իլհամ Ալիևը զգուշացնում է՝ «Հայաստանը մի ճանապարհ ունի՝ ընդունել Ադրբեջանի բոլոր պայմանները և հրաժարվել տարածքային նկրտումներից»։
Առաջիկա բանակցությունների մասին այսօր առաջինը տեղեկացրեց Ադրբեջանը, ապա Հայաստանի արտգործնախարարությունը հստակեցրեց՝ հանդիպումը տեղի կունենա Բեռինում փետրվարի 28-29-ը՝ մյունխենյան եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱԳ նախարարների հանդիպումը «վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը և համաձայնեցմանը»Մյունխենի եռակողմ հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը«Առաջիկա օրերին խաղաղության պայմանագրի շուրջ նախատեսվում են բանակցություններ հայաստանյան պատվիրակության հետ։ Ինչպես գիտեք, թեև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները տեղի չէին ունենում, բայց տեքստի շուրջ քննարկումները շարունակվում էին», - ասել է Բայրամովը:
Նա ընդգծել է, որ թեև վերջին հինգ ամիսների ընթացքում որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն Հայաստանի հետ սահմանին խաղաղություն էր և անդորր։ Ընդ որում՝ առանց անուններ տալու մեղադրել է «որոշ շրջանակների» լարվածություն հրահարելու համար։
«Անցած հինգ ամիսները եղել են ամենահանգիստ շրջանը Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին։ Երբ մենք դիտարկենք այդ ժամանակահատվածը, ապա կտեսնենք, որ որոշ շրջանակներ անհանգստացած են այդ հանգամանքով և անում են հնարավորը իրավիճակը փոխելու և լարվածություն առաջացնելու համար», - ասել է Բայրամովը:
Միաժամանակ, Ադրբեջանի արտգործնախարարը քննադատել է Եվրամիությանը և Ֆրանսիային՝ նրանց մեղադրելով իրավիճակն ապակայունացնելու մեջ։ Բայրամովը մասնավորապես ասել է, թե «Եվրամիության առաքելության գործողությունները սահմանին, արևմտյան տարբեր դիվանագետների ժամանումը սահման, երբ լարվածություն չկա, հանգեցնում են նրան, որ հարցն անընդհատ օրակարգում է և ներկայացվում է որպես լարվածություն»։
Ինչ վերաբերում է Փարիզին, ապա ըստ Բաքվի՝ կատարված դրական քայլերի ֆոնին Ֆրանսիայի ակտիվացումը սրում է իրավիճակը ։ Բայրամովը որպես օրինակ մատնանշել է նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան. - «Շոլցի նախաձեռնած հանդիպումից հետո ընդգծվեց և համաձայնեցվեց խաղաղ գործընթացի զարգացման կարևորությունը։ Բայց սրանից անմիջապես հետո եղավ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, հետո՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան ու նրա սադրիչ հայտարարությունները»:
Բայրամովը չի մանրամասնել, թե Ֆրանսիայի նախարարի որ հայտարարությունն է համարում սադրիչ։ Սեբիաստիեն Լեկորնյուն, Երևանում խոսելով հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության մասին, ասել էր, որ Ֆրանսիայի մատակարարած սպառազինությունը բացառապես պաշտպանական է և այն բնականաբար չի կիրառվի, եթե Հայաստանի վրա հարձակում չլինի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀՀ-ն երեկ արդեն ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը․ ԼըկորնյուՖրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀայաստանինԿշարունակենք համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Մակրոնը՝ ՓաշինյանինԻ՞նչ կարելի է ակնկալել Միրզոյան- Բայրամով առաջիկա հանդիպումից։
Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյանն ասում է, որ նախատեսվող հանդիպման ընթացքում ամենայն հավանականությամբ պաշտոնական տեսք կտրվի այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել կողմերի միջև երկկողմ շփումների ընթացքում։ Փորձագետի խոսքով՝ անցած ամիսներին խաղաղության պայմանագրի նախագծի փոխանակման գործընթացից բացի Հայաստանի և Ադրբեջանի միջև կան ուղիղ շփումներ։
«Չնայած այն փաստին, որ երկու երկրների արտգործնախարարների միջև ուղիղ բանակցություններ չեն եղել, գաղտնիք չէ, որ կան ուղիղ շփումներ կողմերի միջև։ Այդ շփումների շրջանակում պայմանավորվածություն ձեռք բերվեց անցած տարվա դեկտեմբերին գերիների փոխանակման հարցի շուրջ։ Այդ շփումների շրջանակում, ինչպես հասկանում եմ, նաև քննարկվում է այն փաստաթուղթը, որը մենք անվանում ենք խաղաղության պայմանագիր։ Եվ այժմ, նախարարների առաջիկա հանդիպումը, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին նպատակ է ունենալու ֆորմալ տեսք տալ այն պայմանավորվածություններին, որոնք մինչ այդ կողմերը քննարկել են ուղիղ հանդիպումների ընթացքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:
Կարելի՞ է որոշակի առաջընթաց ակնկալել նախատեսվող հանդիպումից՝ հաշվի առնելով կողմերի ոչ այնքան լավատեսական հայտարարությունները։ Պաշտոնական Երևանն այս տարի արդեն երկու անգամ շեշտել է, որ Բաքվից ստացած խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակներում որոշակի հետընթաց կա։ Վարչապետ Փաշինյանն էլ արդեն մի քանի անգամ զգուշացրել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ագրեսիվությունը սահմանին և Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանելը. ինչո՞ւ է Փաշինյանը Ադրբեջանի հարձակումը շատ հավանական համարում«Մենք հասկանում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած ուղիղ հանդիպումների շրջանակում քննարկել են նաև բարդ հարցեր, որոնք վերաբերում են սահմանին, տրանսպորտային հաղորդակցությանը։ Բացի այդ, մենք տեսնում ենք՝ խոսվում է, որ կողմերը պետք է նոր պարտավորություններ ստանձնեն, որոնց մասին հրապարակավ չէին խոսում։ Ես նկատի ունեմ Սահմանադրության հարցը, այլ օրենքների և դատական հայցերի հետ կապված գործընթացը։ Եթե կա կամք, ապա այս հարցերի շուրջ կարելի է առաջ շարժվել և արդյունք ստանալ։ Բայց, մյուս կողմից, ակնկալիքների մասով պետք է մի փոքր զգուշավորություն ցուցաբերել», - նշեց Օլեսյա Վարդանյանը:
Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցել են Վաշինգտոնում՝ ութ ամիս առաջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը և Բայրամովը համաձայնեցրել են համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդված և «գրանցել փոխըմբռնման առաջընթաց»