Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի մյունխենյան եռակողմ հանդիպման հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում ձեռք բերված պայմանավորվածություններին, տեղի հայ համայնքին այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում կկայանա, ինչպես նաև սահմանազատման հարցերի հանձնաժողովների նիստ կլինի։
«Արտգործնախարարների հանդիպումը վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը», - նշեց Հայաստանի վարչապետը։
Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին այսօր հայտնել էր նաև Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևը երեկվա բանակցությունները բնորոշել էր կառուցողական և օգտակար։
Վարչապետ Փաշինյանն այսօր նաև ընդգծեց, որ եթե ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն, դա կօգնի սահմանային լարվածության նվազեցմանը։
«Մենք մեր կողմից հաստատակամ ենք այդ պայմանավորվածություններին հավատարիմ մնալու», - հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը։
Լարվածության մասին Ալիևի հանդիպումների պաշտոնական հաղորդագրություններում անդրադարձ չկա։ Չնայած շաբաթասկզբի սահմանային լարվածությանը, որի պատճառով հայկական կողմը 4 զոհ ունեցավ, Ալիևը այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ զրույցում հայտարարել է, թե «տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է», և խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամություն հայտնել։
Ավելի քան կես տարվա դադարից հետո երեկ Օլաֆ Շոլցի միջնորդությամբ բանակցել են Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները։ Արևմտյան հարթակում Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել էին անցած տարվա հուլիսին:
Պաշտոնական Երևանը հաղորդել էր՝ առաջնորդները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման քայլերը, պայմանավորվել են շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: