Առաջիկա օրերին տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը` շեշտելով՝ խաղաղ պայմանագրի բանակցություններում ընդմիջում եղավ, սակայն տեքստի վրա աշխատանքները շարունակվում էին։
Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի մյունխենյան եռակողմ հանդիպումից հետո նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, ապա նույնաբովանդակ հայտարարություն արեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ առաջիկայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում կկայանա, ինչպես նաև սահմանազատման հարցերի հանձնաժողովների նիստ կլինի։
Ավելի ուշ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վայրի և ժամկետի վերաբերյալ կողմերը պայմանավորվում են։
Թեև վերջին հինգ ամիսների ընթացքում պայմանավորվածություններ ձեռք չէին բերվել, սակայն Հայաստանի հետ սահմանին տիրում էր խաղաղություն ու անդորր, նաև ասել է Բայրամովը՝ «որոշ շրջանակների» մեղադրելով «լարվածություն ստեղծելու համար»։
«Գրեթե 5 ամիս տևած այս ժամանակահատվածը Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանական սահմանի ամենահանդարտ շրջանն էր։ Որոշ շրջանակներ մտահոգված են եղել այս հարցով և ամեն ինչ անում են իրավիճակը փոխելու և լարվածություն ստեղծելու համար», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Բայրամովը կրկին ընդգծել է ԵՄ առաքելության գործունեությունը՝ շեշտելով, որ այն լարվածություն է ստեղծում սահմանին։
«ԵՄ առաքելության գործողությունները սահմանին, արևմտյան տարբեր դիվանագետների ժամանումը սահման, երբ լարվածություն չկա, հանգեցնում է նրան, որ հարցն անընդհատ օրակարգում է և ներկայացվում է որպես լարվածություն», - ասել է Բայրամովը՝ նշելով «դիպուկահարի կրակոցից մեր զինծառայողի վիրավորումը»։
Բաքուն նաև Փարիզին է մեղադրել իրավիճակը սրելու համար՝ նշելով, թե «Ֆրանսիայի ակտիվացումը կատարված դրական քայլերի ֆոնին ծառայում է խնդրի սրմանը»։
«Շոլցի նախաձեռնած հանդիպումից հետո ընդգծվեց և համաձայնեցվեց խաղաղ գործընթացի զարգացման կարևորությունը։ Բայց սրանից անմիջապես հետո եղավ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, հետո Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան ու նրա բորբոքված հայտարարությունները»,- ասել է Բայրամովը։
Տե՛ս նաև այստեղ