Մատչելիության հղումներ

Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին։

Մակրոնն X-ի իր էջում հայերեն գրառում է կատարել, մասնավորապես, նշելով․ - «Այսօր, երբ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երբ երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի, դիմադրության ոգու, հանուն ազատության պայքարի, Ձեր ներկայությունը կարևոր է մեզ համար։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը»։

Հայաստանի վարչապետն էլ ֆրանսերեն գրառում է կատարել X-ում՝ նշելով, որ հիանալի հարցազրույց է ունեցել նախագահ Մակրոնի հետ, ինչպես նաև մտքերի արդյունավետ փոխանակում՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները խորացնելու, երկկողմ օրակարգն ընդլայնելու և ամրապնդելու, ԵՄ-ի հետ մերձեցման, Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ։

Վարչապետն աշխատանքային այցով երեկ է ժամանել Փարիզ։ Երեկոյան տեղի է ունեցել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում վերահուղարկավորելու արարողությանը:

Փաշինյանն ու Մակրոնը երեկ նաև երկկողմ բանակցություններ են ունեցել։ Բանակցություններից առաջ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց՝ «կշարունակենք համագործակցությունը պաշտպանության ոլորտում»։

«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար, և Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում պատասխանատվության ոգով, չցանկանալով որևիցե էսկալացիա», - մասնավորապես, հայտարարեց Մակրոնը:

Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին պետք է ռադարներ և հրթիռներ տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։

XS
SM
MD
LG