Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի երեկվա հայտարարությունները՝ դրանք որակելով «միակողմանի ու անհիմն»։
Բաքվին, մասնավորապես, զայրացրել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ իրենց տները վերադառնալու իրավունքը՝ «արագ, անարգել և անվտանգ» ապահովելու Մակրոնի պահանջը Բաքվից։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախ նշել է, թե Ֆրանսիան 30 տարի որևէ հայտարարություն չի արել «հայկական ագրեսիայի և ադրբեջանական տարածքների օկուպացիայի մասին»՝ շեշտելով, թե «Հայաստանը դեռևս օկուպացիայի տակ է պահում ադրբեջանական 8 գյուղերը», ապա հայտարարել, որ «բացարձակապես տեղին չէ», որ ֆրանսիական կողմը խոսում է «ադրբեջանական տարածքները սեփական կամքով և առանց բռնության կիրառման լքած հայերի իրավունքների և անվտանգության մասին»։
Բաքուն կոչ է արել Փարիզին՝ դադարեցնել կողմնակալ հայտարարությունները՝ անընդունելի համարելով նաև «անհամաչափ պատասխան տալու մեղադրանքները», այն դեպքում, երբ ըստ Բաքվի, «Հայաստանն է ոչ հրահրված գործողությունների դիմել՝ խաթարելով շուրջ 5 ամիս տևած կայուն իրավիճակը»։
«Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն, խաղաղությանն ու կայունությանը խաթարելուն, որևէ արդյունք չի տա», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։
Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Փաշինյանն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ ունեցան։ Բանակցություններից առաջ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց՝ «կշարունակենք համագործակցությունը պաշտպանության ոլորտում»։
Մակրոնը հավաստիացրեց՝ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին։
Հայ-ֆրանսիական համագործակցությանն Ադրբեջանը կոշտ է արձագանքում, Բաքուն մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մանակացությամբ բանակցային բոլոր հանդիպումները։