Մատչելիության հղումներ

Ագրեսիվությունը սահմանին և Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանելը. ինչո՞ւ է Փաշինյանը Ադրբեջանի հարձակումը շատ հավանական համարում


Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է, France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին՝ ի վերջո Ալիևը գնում է խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի։

Փաշինյանն Ադրբեջանի հարձակման հնարավորությունը բացատրել է մի քանի պատճառներով։ Նախ, ըստ Հայաստանի վարչապետի, Բաքուն խնդիրներ է ստեղծում նախապես ձեռք բերված երեք սկզբունքները խաղաղության պայմանագրում արտացոլելու գործընթացում, Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան» և ագրեսիվություն է դրսևորում սահմանին։

«Ինչ վերաբերում է հնարավոր էսկալացիային, մենք այս պրոբլեմները վերլուծելով, և նաև վերլուծելով Ադրբեջանից, պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները, գալիս ենք եզրակացության, որ՝ այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է։ Ինչո՞ւ, որովհետև, օրինակ, պաշտոնական Բաքվից հաճախ են հնչում «Արևմտյան Ադրբեջանի» մասի հայտարարություններ... իսկ «Արևմտյան Ադրբեջան» նրանք անվանում են Հայաստանի Հանրապետությունը։ Եվ երբ որ նրանք առանց տարընթերցումների մեր տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը գործնականում չեն ճանաչում, գալիս են այդ վերլուծությունները։

Դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հարձակման ոչ մի մտադրություն չունի, բայց որտեղի՞ց են գալիս այդ տեսակետները հարձակման հավանականության մասին։ Արդեն իսկ հրապարակային պայմանավորված սկզբունքները խաղաղության պայմանագրի տեքստի մեջ արտահայտելիս մենք տեսնում ենք, որ դրանք Ադրբեջանի կողմից չեն հարգվում», - ասել է գործադիրի ղեկավարը։

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հնարավորության մասին խոսելիս Փաշինյանն անդրադարձավ նաև փետրվարի 13-ին Ներքին Հանդում տեղի ունեցած արյունալի բախմանը, որի հետևանքով 4 հայ զինծառայող սպանվեց։ Հայաստանի վարչապետը պնդեց՝ այդ միջադեպը որևէ կերպ արդարացված չէր։

«Նրանք հայտարարել էին, որ իրենց զինվորներից մեկը վիրավորվել է, մենք էլ հայտարարեցինք, որ հետաքննություն կիրականացնենք, և կա հրաման չարդարացված ձևով որևէ գործողություն չիրականացնել։ Եվ, եթե պարզվի, որ կա խախտում, դա կունենա նաև օրենքով նախատեսված հետևանքներ։ Չնայած այդ հայտարարություններին՝ Ադրբեջանն այդ առիթը օգտագործեց, որպեսզի ագրեսիվություն ցուցաբերի», - ասել է Հայաստանի վարչապետը։

Փաշինյանը շեշտեց՝ «այս փաստերի համախմբումն է, որ հայաստանյան և միջազգային շատ փորձագետների բերում է համոզման, որ Ադրբեջանը նոր հարձակում է նախապատրաստում»։

France 24-ի լրագրողի ճշտող հարցին, որ փաստորեն, Իլհամ Աիևն ասում է, թե խաղաղություն է ուզում, բայց իրականում պատրաստվում է պատերազմի՞, Փաշինյանն արձագանքեց՝ այո՛, դա է ուզում ասել և այդպիսի տպավորություն կա։

Բաքվից հակադարձում են

Բաքուն այսօր հակադարձել է, պնդելով, թե Հայաստանն է, որ հետաքրքրված չէ խաղաղության գործընթացով։

Ադրբեջանի Արտգործնախարարությունը կրկին մատնացույց է արել Հայաստանի Սահմանադրությունը, օրենքներն ու միջազգային դատարաններ ներկայացրած հայցերը, որտեղ Բաքվի պնդմամբ, կան նկրտումներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ։

«Վերջին շրջանում զանգվածային ռազմականացում իրականացնող և 5 ամիս տարածաշրջանի իրավիճակն ապակայունացնող Հայաստանի հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բացարձակապես անհիմն են», - նշված է հայտարարությունում։

Պատերազմ սկսելու՝ Փաշինյանի մեղադրանքները համարելով անհիմն՝ Բաքուն հայտարարել է, որ Հայաստանը միտումնավոր լարվածություն է ստեղծում տարածաշրջանում՝ խաղաղ գործընթացը։ խաթարելու համար:

Չնայած Բաքվից հնչող հակադարձումներին, Հայաստանի վարչապետն այս ամսվա մեջ արդեն 2 -րդ անգամ է խոսում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական նոր հարձակման հնարավորության մասին։ France 24 -ին տված հարցազրույցից ուղիղ մեկ շաբաթ առաջ էլ նա Կառավարության նիստում էր հայտարարել լայնածավալ պատերազմի հավանականության մասին։

«Ադրբեջանը շարունակում է վարել՝ «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում, ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը», - նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բադալյանի համոզմամբ՝ Փաշինյանի վերջին շրջանի շեշտադրումները կարող են կանխարգելիչ նպատակ ունենալ

Վերլուծաբանների համոզմամբ՝ ապակայունացման և Ադրբեջանի ռազմական սադրանքների վտանգ միշտ կա՝ անկախ Փաշինյանի հայտարարություններից։ Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ Փաշինյանի վերջին շրջանի շեշտադրումները կարող են կանխարգելիչ նպատակ ունենալ, այսինքն փորձել ահազանգել մի իրավիճակի մասին, որը դեռևս չի հասունացել, դրանց հետագա զարգացումը թույլ չտալու համար։

«Սադրանքների հնարավորությունը միշտ կա, այսինքն, Ադրբեջանը որևէ կերպ չի հրաժարվել իր քաղաքականությունն ուժային գործիքներով առաջ տանելու բաղադրիչից, և մենք տեսնում ենք նաև, որ ընդհանուր միջավայրը՝ թե՛ միջազգային, թե՛ ռեգիոնալ այնպիսին է, որ, ցավոք սրտի, Ադրբեջանի համար այդ բաղադրիչի կիրառման պարարտ նախադրյալները պահպանվում են», - ընդգծեց Բադալյանը:

Հնարավոր ռազմական գործողությունների մասին հայտարարություններին զուգահեռ՝ Բաքուն ու Երևանը շարունակում են փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի տարբերակները։ Հայաստանն այս տարի արդեն 2 անգամ շեշտել է, որ Բաքվից ստացած վերջին տարբերակներում որոշակի հետընթաց կա։ Պաշտոնական Երևանը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ որ հարցերում են հետընթաց տեսել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG