Հայաստանը երեկ երեկոյան արդեն ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը, այսօր Երևանում, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։
«Ձեր Փարիզ այցելության ժամանակ Դուք ստորագրեցիք առաջին վաճառքի նյութ հանդիսացող զենքի տեսականին, երեկ երեկոյան Դուք արդեն առաջին խմբաքանակը ստացաք։ «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը նույնպես կլինի։ Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության սարքավորումներ են, որովհետև առաջնահերթ է այս տարածաշրջանում՝ և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը», - հայտարարեց ֆրանսիացի պաշտոնյան՝ շեշտելով՝ որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին՝ իր պաշտպանության ունակությունները ուժեղացնելու համար։
«Այդ ջանքերը ձեզ թույլ կտան լավագույնս պաշտպանվել», - ասաց Լըկորնյուն։
«Եթե Հայաստանը դրա կարիքն ունենա, ՀՕՊ հրթիռներ նույնպես կտրամադրվեն»
Անդրադառնալով ՀՕՊ համակարգերին՝ նախարարն ասաց, որ եթե Հայաստանը դրա կարիքն ունենա, ՀՕՊ հրթիռներ նույնպես կտրամադրվեն։
Լըկորնյուն նաև տեղեկացրեց, որ Պապիկյանի հետ այսօր խոսել են, մասնավորապես, «Միստրալ» հրթիռների մասին։
«Tales ռադարների մասին է նաև խոսքը: GM200 ռադարների մատակարարում շատ շուտով կլինի, և տեսնում եք, որ ամեն անգամ խոսում ենք պաշտպանական զենքերի մասին», - ասաց Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։
Ադրբեջանա-ֆրանսիական լարված հարաբերությունների ֆոնին և Լըքորնյունի՝ Հայաստան այցին ընդառաջ երեկ ֆրանսիական «Ֆիգարո»-ն հաղորդեց, որ Երևան է ուղևորվում ոչ միայն Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, այլև «ֆրանսիական զինամթերքը»։ Խոսքը, մասնավորապես, ըստ «Ֆիգարո»-ի, մինչև 250 կմ հեռավորության վրա ինքնաթիռներ հայտնաբերող 3 ռադարների, ինչպես նաև գիշերային տեսողության հեռադիտակների մատակարարման մասին է։
«Չեմ կարող հերքել, որ կա վտանգ»
Ֆրանսիացի լրագրողի հարցին, թե արդյո՞ք զգում են վտանգ Ադրբեջանի կողմից, և դա ստիպում է Երևանին նոր պայմանագիր կնքել, ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց. - «ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է՝ սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով։ ՀՀ-ի կողմից գնվող զենք-զինամթերքն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Չեմ կարող հերքել, որ կա վտանգ։ Վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից։ Մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարծաքային ամբողջականությունը, սուվերենությունը։ Անկախ նրանից մենք առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կունենանք՝ ՀՀ Զինված Ուժերը շարունակելու են պաշտպանական զենք-զինամթերքի գնումը և մեր այսօրվա ստորագրած պայմանագրերը հենց դրա մասին են»։
Ասուլիսի մեկնարկին Պապիկյանն, անդրադառնալով հայ-ֆրանսիական համագործակցությանը, տեղեկացրեց, որ թեև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության գործնական փուլը երկու տարին չի բոլորել, այն արդեն իսկ համակարգային և հեռահար բնույթ ունի։
Պապիկյանը բովանդակային և գործնական որակեց նախարարի հետ այսօրվա քննարկումները՝ ընդգծելով՝ համագործակցության օրակարգն ընդգրկում է Զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները, մասնավորապես, պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը, ԶՈՒ և պաշտպանական միջոցների արդիականացման և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման գործընթացը։
«Երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տանյակից ավելի ուղղություններով», - հայտարարեց Հայատանի ռազմական գերատեսչության ղեկավարը։