«Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար». - վարչապետի՝ խաղաղության պայմանագրի նախագծի դրույթներից մեկի գաղտնազերծումը ավելի է խորացրել ընդդիմադիրների կասկածները, թե նոր Սահմանադրությունը պարտադրվում է Բաքվից:
«Հայաստանը չի կարող ստորագրել մի փաստաթղթի տակ, որը վեր կլինի երկրի Սահմանադրությունից», - խորհրդարանում առավոտյան հայտարարում էր Դաշնակցությունից Գեղամ Մանուկյանը։ Կարծում է՝ եթե պայմանագիրը ստորագրվի, կհակասի Մայր օրենքին, ու նաև դրա համար է իշխանությունն ուզում մինչ այդ փոխել Սահմանադրությունը, այնտեղից հանել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Անկախության հռչակագրին հղումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն առաջին անգամ խաղաղության պայմանագրի տեքստից կոնկրետ ձևակերպում բացահայտեցԻնչպես Մանուկյանն է կարծում, այդ պարագայում Սահմանադրական դատարանը պայմանագրի հակասահմանադրության հարց չի դնի։
«Չէին կարող փոխել Սահմանադրությունը, որովհետև կա Սահմանադրական դատարանի որոշում, որ առաջին հատվածը նույնիսկ, ամեն դեպքում, չի կարող հանրաքվեով փոխվել: Ի՞նչ ենք անում՝ դրա համար բառերի կույտ, 4-րդ հանրապետություն, 148-րդ հանրապետություն, որ մենակ հիմնավորեն՝ նոր Սահմանադրություն», - հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Ադրբեջանից կա Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ։ Ինչպես Ալիևն է կարծում, Անկախության հռչակագիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտող ուղղակի կոչեր է պարունակում։ Հայաստանի իշխանությունը հերքում է, թե նոր Սահմանադրության քննարկումները սկսել է Ադրբեջանի պահանջով, բայց խոսում է Անկախության հռչակագրին հղումը պահելու վտանգներից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն ուղիղ հայտարարում է՝ խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանի Սահմանադրությունը փոխվիԸնդդիմադիրների պնդումներին երեկ հենց վարչապետ Փաշինյանն էր հակադարձել. - «Դուք ասում եք Սահմանադրությանը հակասող՝ նկատի ունենալով 1989թ. Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը, բայց հիմա հենց ընդդիմության ներկայացուցիչներն են հայտարարում, որ այդ որոշումը իրավական ուժ վաղուց չունի, որովհետև 1991թ. Խորհրդային Միության սահմանադրական հանձնաժողովն այն ճանաչել է Խորհրդային Միության Սահմանադրությանը հակասող, և հետևաբար այդ փաստի բերումով իրավական ուժ չունի»։
Ընդդիմադիրներին չէր համոզել վարչապետի բացատրությունը, Արծվիկ Մինասյանը շարունակեց Գեղամ Մանուկյանի սկսած թեման. - «Դուք չեք կարող նման համաձայնեցման դրույթ ունենալ՝ կլինեք Ալիևի հետ թեյ խմելուց, թե ինչ հարաբերության մեջ, որը կհակասի Հայաստանի Հանրապետության մայր փաստաթղթին: Այո, և դա հանրաքվեով պետք է լուծվի: Ավելին ասեմ՝ վերպետական ցանկացած փաստաթուղթ, որը կարող է ենթադրել տարածքային փոփոխություն, նա նույնպես հանրաքվեի ենթակա է»:
Իշխանությունից Վլադիմիր Վարդանյանը խոսեց այսօրվա կարգավորումներից։ Հայաստանում միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրվելուց, ՍԴ-ում Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելուց և Ազգային ժողովում վավերացվելուց հետո։ Անդրադարձավ միայն խաղաղության պայմանագրի գաղտնազերծված դրույթին ու ընդդիմության պնդումները մանիպուլյացիա որակեց:
«Էդ դրույթը լիներ, չլիներ, եթե նույնիսկ Վիեննայի կոնվենցիայի մեջ՝ 1969 թվականի, այն տեղ չգտներ, այդ դրույթը երկար տարիներ սովորութային միջազգային իրավունքի բաղկացուցիչ մաս էր: Եվ սրա վրա այս կարգի կենտրոնանալը ես համարում եմ փորձ՝ ևս մեկ անգամ կտրվելու միջազգային իրավունքից», - հայտարարեց Վարդանյանը:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը կարծում է՝ վարչապետի նշած կետը պայմանագրում ներառել-չներառելը որևէ ձևով չի ենթադրում, որ Սահմանադրությանը հակասող պայմանագիր կարող է վավերացվել:
«Միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունք է այն, որ պետությունը չի կարող իր ներպետական իրավունքը, այդ թվում՝ Սահմանադրությունը, վկայակոչել միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունը չկատարելու համար: Նույնպիսի փաստ է, որ միջազգային պայմանագիրը ենթակա է վավերացման, և այդ վավերացումը տեղի չի ունենում, եթե այն հակասում է Սահմանադրությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խզմայանը՝ շարունակելով. - «Իսկ այն՝ արդյոք Սահմանադրությունը փոխում են, որպեսզի հաճոյանան Ադրբեջանի այս կամ այն պահանջին, կարծես թե այո, կարծես թե դրա մասին բացահայտ խոսում են իշխանության ներկայացուցիչները: Բայց դա իմ մասնագիտական ոլորտը չի, քաղաքագետ չեմ, որպեսզի մեկնաբանեմ»:
Չնայած Հայաստանում ծավալվող բուռն քննարկումներին, հայտնի չէ՝ երբ կներկայացվի նոր Սահմանադրության նախագիծը, նույնիսկ մասնագիտական քննարկումների մասին խոսք չկա։